Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը Շոտլանդիային ավելի լայն ինքնավարություն տրամադրելու ծրագիր Է պատրաստել, եթե ընտրողներն առաջիկա հանրաքվեում չպաշտպանեն անկախությունը, տեղեկացնում Է BBC-ին:
Ինչպես սպասվում Է, այդ ծրագրhg կաջակցեն Լոնդոնի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունները: Դրա համաձայն՝ Շոտլանդիան լրացուցիչ ինքնավարություն կստանա հարկման եւ պետական ծախսերի հարցերով:
Այն դեպքում, երբ Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայի կազմում, ինքնավարության շուրջ բանակցությունները կսկսվեն քվեարկությունից անմիջապես հետո, իսկ օրինագիծը պատրաստ կլինի մինչեւ հունվար:
Հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին: Ընտրողները պետք է պատասխանեն մեկ հարցի. «Շոտլանդիան պետք է արդյոք անկախ երկիր դառնա»:
Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեղադրել է խուճապարարության մեջ այն բանից հետո, երբ սոցիոլոգիական նոր հարցումները ցույց տվեցին Շոտլանդիայի անկախության կողմնակիցների թվաքանակի աճը:
Ավելի վաղ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը Շոտլանդիային ավելի մեծ ինքնավարություն է խոստացել այն դեպքում, եթե հանրաքվեի արդյունքում այն մնա Մեծ Բրիտանիայի կազմում:
Սալմոնդի կարծիքով՝ նման հայտարարությունները վկայում են բրիտանական կառավարության մեջ տիրող խուճապի մասին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը նույնպես կոչ է արել շոտլանդացիներին՝ մնալ Միացյալ Թագավորության կազմում:
Երկար ամիսների ընթացքում հարցումները մատնանշում էին, որ շոտլանդացիների մեծամասնությունը պատրաստ է ընտրելու «ոչ» տարբերակը, բայց քվեարկության մոտենալուն համեմատ անկախության կողմնակիցներն առաջ են անցել: Այժմ Մեծ Բրիտանիայից անջատվելու օգտին, ըստ օրերս անցկացված հարցման տվյալների, պատրաստ է քվեարկել 51 տոկոսը, իսկ դեմ՝ 49 տոկոսը:
Հարցման արդյունքները անհանգստացրել են Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, որը միասնական Մեծ Բրիտանիայի համոզված կողմնակիցներից է: Եղիսաբեթ Երկրորդը վարչապետ Քեմերոնի հետ խորհրդակցություն է անցկացրել այդ հարցի շուրջ: Սպասվում է, որ սեպտեմբերի 18-ին՝ հանրաքվեի օրը, նա կգտնվի Շոտլանդիայում:
Լոնդոնի քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը՝ Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության գլխավոր քաղաքական գործիչներից մեկը, «ողբերգություն» է անվանել Շոտլանդիայի հնարավոր անջատումը: