Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում 2014թ. սեպտեմբերի 5-ին կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներն ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքը, անձանց միջպետական հետախուզմանը և անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերին վերաբերող մի շարք խնդիրներ, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության Ծրագրի նախագծի մշակման հարցը և այլն:
ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության գերակա հարցերի և հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ընթացքի մասին ելույթ է ունեցել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Աբդիլդա Սուրանչիևին` Հունան Պողոսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ համաշխարհային ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը զուգահեռ, կազմակերպված հանցախմբերի գործունեությունը ձեռք է բերել անդրազգային բնույթ, ինչն էապես մեծացնում է ինչպես առանձին պետությունների ազգային, այնպես էլ համաշխարհային անվտանգությանն ուղղված վտանգը: Նա նաև հավելել է, որ լուրջ մտահոգության տեղիք են տալիս վերջին շրջանում լայն տարածում գտած անօրինական միգրացիան և մարդկանց առևտուրը` ընդգծելով, որ մարդկանց առևտուրը պարարտ հող է ինչպես սոցիալական շերտավորման, այնպես էլ կազմակերպված հանցավորության ու այլ հանցատեսակների զարգացման համար: «Կարծում եմ` հաշվի առնելով տվյալ հանցատեսակի միջազգային բնույթը` անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` մեր պետությունների ներքին գործերի մարմինների և ոստիկանության փոխազդեցությունը ամրապնդելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվության փոխանակումը, համատեղ ջանքերով թրաֆիքինգի սկզբնաղբյուրների բացահայտումը և դրանում ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելը»:
Անդրադառնալով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններին` Հունան Պողոսյանը նշել է. «Ինֆորմացիոն-հեռուստահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումը և առօրյա կյանքում դրանց ներդրումը պայմաններ են ստեղծում նաև հանցագործների գործունեության դաշտի ընդլայնման համար: Սահմանների բացակայությունը և վիրտուալ տարածքում անանուն գործելու հնարավորությունը «արժեքավոր նվեր» է հանցավոր խմբավորումների համար: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների բացահայտմանն ուղղված ստորաբաժանումների աշխատանքները մեծապես կախված են ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի նախարարությունների հետ տեղեկատվության օպերատիվ փոխանակումից, գործնական շփումների հարթեցումից և պահպանումից»:
Կարևորելով ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) համագործակցությունը` Հունան Պողոսյանը նշել է. «Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք, որ որևիցե երկիր միայնակ ի վիճակի չէ հակազդել հանցավորությանն ընդհանրապես, հատկապես վերջինիս անդրազգային դրսևորումներին, և ես վստահ եմ, որ մեր համագործակցության հեռանկարների քննարկումը այսօրվա նիստի ընթացքում օրինակ կծառայի` ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների և ոստիկանության ջանքերի հետագա կոնսոլիդացման և հանցավորության դեմ պայքարի ձևերի և մեթոդների կատարելագործման համար»:
Նիստում քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվել են որոշումներ:
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2015 թվականին` Բելառուսի Հանրապետությունում: