Միջազգային 

«Հուրիեթը»՝ թուրք- հունական հարաբերությունների մասին

Հունաստանի խորհրդարանում «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի ընդունումը, որը նախատեսում է քրեական պատիժ ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ, կարող է վնասել թուրք-հունական հարաբերություններին: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Լրատվամիջոցը նշում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Հունաստանի վարչապետ Անդոնիս Սամարասի հետ, ինչի ժամանակ իր մտահոգություններն էր հայտնել դեռևս քննարկման մեջ գտնվող բանաձևի առնչությամբ: Էրդողանը հայտնել էր, որ բանաձևի ընդունումը կարող է բացասաբար ազդել թուրք-հունական հարաբերությունների վրա, ինչին ի պատասխան Հունաստանի վարչապետը հավաստիացրել էր, թե խոսքը գնում է «մահացածների նկատմամբ հարգանք ցուցաբերելու մասին և բանաձևը չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ իրենց հարաբերություններին»:

 

Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ձայների 54 կողմ, 42 դեմ  և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

 

«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

 

Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

 

Նույն շարքից