Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան արդեն Դամասկոսում է: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սա իտալացի դիվանագետի առաջին այցելությունն է Դամասկոս իր պաշտոնը ստանձնելուց հետո: Միջազգային բանագնացին ուղեկցում է եգիպտացի դիվանագետ Ռամզի Ազ ադ Դին Ռամզին:
ՄԱԿ-ը նախօրեին հայտարարել էր, որ Միստուրայի շրջագայության ծրագրում ընդգրկված են նաև տարածաշրջանի այլ երկրներ:
Սիրիան ողջունել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի` Ստեֆան Դի Միստուրային բանագնացի պաշտոնում նշանակելու քայլը՝ հույս ունենալով, որ նա հաջողություն կհասնի օբյեկտիվ, անկողմնակալ և միջազգային նորմերի շրջանակում գործելու շնորհիվ՝ հարգելով Սիրիայի ազգային ինքնիշխանությունը և չմիջամտելով ներքին գործերին: