ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրը` Սերբիան, իր ներդրումը կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:
«Ես կրկին կգամ տարածաշրջան և որպես ԵԱՀԿ գործող նախագահ` կանեմ հնարավոր ամենը հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է Դաչիչը: Նա ընդգծել է, որ հիմնախնդրի նկատմամբ ունենալու է լուրջ մոտեցում:
«Հակամարտությունները պետք է կարգավորվեն երկխոսության ճանապարհով, և դա միակ ելքն է: Ես չեմ մեկնաբանի երկակի չափանիշները: Սերբիան ինքն էլ բախվել է նման խնդրի: Մենք մեր ներդրումը կունենանք հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ում նախագահելու ժամանակ»,- հայտարարել է Սերբիայի արտգործնախարարը:
Իր հերթին Մամեդյարովը նշել է, որ դեռևս հստակեցվում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հաջորդ հանդիպման հստակ ժամկետներն ու օրակարգը: «Հաջորդ շաբաթ Մինսկի խմբի համանախագահները կայցելելն տարածաշրջան, իսկ հետո Նյու Յորքում կկայանա արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- հայտնել է Մամեդյարովը: