Միջազգային 

Իսրայելի պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային

Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր Թուրքիայի ղեկավարության բացահայտ քննադատությունից` հույս ունենալով, որ արդեն 5 տարի տևող թուրք-իսրայելյան լարված հարաբերությունները վերջապես կսկսեն ջերմանալ: Այդ դիվանագիտական պատերազմում առաջին «կրակոցն» արել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաաոնը, ով հրապարակայնորեն Անկարային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այս մաինհայտնում է NRG պորտալը` նշելով, որ պաշտոնական Իսրայելը որոշել է խախտել լռությունը` թուրքական և քաթարյան իշխանությունների կողմից ՀԱՄԱՍ կազմակերպությանը բացահայտ կերպով աջակցելու համար:

 

NRG պորտալը գրում է, որ իսրայելյան դիվանգիտության ջանքերը, մասնավորապես, ուղղված են նրան, որպեսզի ամերիկյան ղեկավարությանը ցույց տրվի նրա դաշնակիցներ Թուրքիայի և Քաթարի «իրական դեմքը»` հիշեցնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Պորտալը զուգահեռներ է անցկացնում ՀԱՄԱՍ-ի և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումների միջև, ինչպես նաև հիշեցնում, որ ՀԱՄԱՍ-ին ակտիվորեն պաշտպանում են Իրանը, Թուրքիան և Քաթարը:

 

NRG-ի տվյալներով` պաշտոնական Թել Ավիվը համապատասխան հրահանգներ է տվել իսրայելյան դիվանագետներին, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստներին, ովքեր արտասահմանում զբաղվում են հակաքարոզչությամբ:

 

Ենթադրվում է, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Թուրքիայի և Քաթարի հասցեին սուր քննադատությամբ հանդես կգա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, որը պետք է անցկացվի սեպտեմբերի վերջին, Նյու Յորքում:

 

Ի դեպ` Մոշե Յաալոնն այսօր անակնկալ կերպով այցելել է Բաքու: Դա նրա առաջին այցն է Ադրբեջան: Այս մասին հայտնում է The Times Israel թերթը` նշելով, որ Յաալոնի` Ադրբեջան այցի մասին ԶԼՄ-ներին թույլատրվել է հայտնել Բաքվի օդանավակայանում նրա ինքնաթիռի վայրէջքից հետո:

 

Նշվում է, որ Ադրբեջանի Նախագահն արդեն ընդունել է Մոշե Յաալոնին, ով Բաքու է ժամանել սեպտեմբերի 11-ին` այդտեղ բացվող պաշտպանական արդյունաբերության ADEX-2014 միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությանը վերաբերվող հարցեր:  Իսրայելի պաշտպանության նախարարը Բաքվում կգտնվի երկու օր, և կհանդիպի իր գործընկեր Զաքիր Հասանովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և այլ պաշտոնատար անձանց հետ ևս:

 

«Ես Իսրայելի` Ադրբեջան պատմական այց կատարած առաջին պաշտպանության նախարարն եմ: Մեր երկկողմանի հարաբերությունները շատ արդյունավետ են, և մեր երկրների միջև ռազմավարական համագործակցությունը զարգանում է»,- Բաքվում հայտարարել է Մոշե Յաալոնը:

 

Իսրայելը Ադրբեջանին զենքի հիմնական մատակարար երկրներից է: Վերջին տարիներին Ադրբեջանն այդ երկրից միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքի համակարգեր է գնել:

 

Սեպտեմբերի 11-14-ին Բաքվում անցկացվելիք ADEX-2014 ցուցահանդեսին Իսրայելը մասնակցում է իր 16 ընկերությունների արտադրանքով:

 

Նույն շարքից