Միջազգային 

Թուրքիան արձագանքել է Հունաստանի խորհրդարանում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունմանը

analitik.am

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ուշի ուշով հետևել է Հունաստանի խորհրդարանում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի նախապատրաստման և դրա ընդունման գործընթացին` մշտապես կոչ անելով հունական իշխանություններին ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն հարցի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը:

Նա ընդգծել է, որ թուրքական կողմը հատկապես ուշադրություն է դարձրել Հունաստանի խորհրդարանի սեպտեմբերի 5-ի նիստի ժամանակ արված այն հայտարարությանը, որ օրինագիծը չի լինելու արտաքին քաղաքականություն ձևավորող տարր և չի թիրախավորելու ոչ մի երկրի` այդ թվում և Թուրքիային:

ԱԳՆ խոսնակը հավելել է, որ իրենք ուշի ուշով հետևելու են օրենքի կիրառմանը, որը, թուրքական կողմի համոզմամբ, «դեմ է ժողովրդավարության սկզբունքներին և ժողովրդավարության սկիզբ համարվող խոսքի ազատությանը»:

Այդուհանդերձ, Բիլգիչը նշել է, որ իրենք մեծ ակնկալիքներ կունենան, որպեսզի հետագայում արդեն այդ օրենքի շրջանակում պատիժ սահմանվի Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնության, ինչպես նաև Ռոդոսում և Իսթանքյոյում իրենց քաղաքացիների նկատմամբ հնչող խտրական և ռասիստական գործողությունների ու խոսքերի համար:

Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ: Այն նախատեսում է 6 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում և 10.000 - 30.000 եվրո տուգանք Հունաստանի կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունները ժխտողների նկատմամբ: 

Այսպիսով, Հունաստանը երրորդ պետությունն է Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Նույն շարքից