ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում մեկնաբանել է Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած Քերի - Սարգսյան - Ալիև հանդիպումը: Ինչպես նաև՝ մանրամասնել առաջիկա անելիքները:
Ուելսի եռակողմ հանդիպմանն անդրադառնալով՝ դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին արդյունավետ քննարկումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որպեսզի ավելի լավ հասկանա և խրախուսի կողմերին՝ խաղաղության ապահովման միջոցների ընդունման հարցում:
Ըստ Ուորլիքի՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, նվազեցնել լարվածությունը շփման գրծում: Երկու նախագահներն էլ վերստին հաստատել են հակամարտությունը խաղաղ եղանակով ուծելու իրենց հանձնառությունը:
«Առաջիկա ամիսներին մենք շատ աշխատանք ունենք անելու մեր ընդհանուր նպատակին՝ տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության հաստատման հասնելու համար», - ասել է Ուորլիքը: Նա նաև հավելել է, որ Քերիի հետ հանդիպումն օգնել է հասկանալ, թե ինչի վրա է հարկավոր կենտրոնացնել ջանքերը: