Միջազգային 

Արամ Ա. Կաթողիկոսը Օբամային է ներկայացրել Միջին Արևելքի քրիստոնյաների մտահոգությունները

analitik.am

Վաշինգտոնում, սեպտեմբերի 11-ին, քրիստոնեական համաժողովի մասնակից պատրարքների և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ժամանակ, պատրիարքների առաջարկով, Արամ Ա Կաթողիկոսը հանդես է եկել ելույթով: Աախ նա իր ցավակցությունն է հայտնել 13 տարի առաջ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի համար, ապա նշել է, որ ահաբեկչությունը տարբեր ձևերով և արտահայտություններով շարունակվում է աշխարհի զանազան շրջաններում ու, հատկապես, Միջին Արևելքում: Վեհափառ Հայրապետը նշել է, որ տարածաշրջանում հետզհետե ծավածվող ահաբեկչական շարժումը վտանգ է ոչ միայն քրիստոնյաների, այլ նաև իսլամի և համայն աշխարհի համար: Հետևաբար, այս համամարդկային չարիքին պետք է դիմագրավել հավաքական ուժերով: Այս առումով արաբական ու իսլամական պետությունների մասնակցությունը կենսական է:


Արամ Ա Կաթողիկոսն անդրադարձել է Միջին Արևելքում քրիստոնյաներին՝ նշելով, որ նրանք եկվոր չեն և ոչ էլ երկրորդ կարգի քաղաքացիներ, նրանք իրենց արմատներն ունեն Միջին Արևելքի պատմության մեջ: Նորին Սրբությունը ողջունել է Օբամայի խոսքը և ԱՄՆ-ի նախաձեռնությունը` միացյալ ճիգերով ահաբեկչական շարժումները կասեցնելու վերաբերյալ:

Արամ Ա Կաթողիկոսի խոսքից հետո պատրիարքները հաջորդաբար հակիրճ ներկայացրել են իրենց մտահոգությունները, հատկապես Իրաքում քրիստոնյա համայնքների վերաբերյալ: Ապա Ռաի պատրիարքը նախապես հոգևոր պետերի կողմից պատրաստած նամակը փոխանցել է նախագահ Օբամային:

 

Իր հերթին նախագահ Օբաման անդրադարձել է իր պատգամի մեջ նշված կետերին՝ շեշտելով, որ խղճի ազատությունն և մարդկային իրավունքների պաշտպանությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար կմնան առաջնային:

 

Վաշինգտոնում սեպտեմբերի 11-ին քրիստոնեական համաժողովին մասնակցող Միջին Արևելքի մարոնի, հայ, ասորի, հույն կաթոլիկ և ասորի կաթոլիկ եկեղեցիների հոգևոր պետերը Սպիտակ տանը մեկ ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպմանը ներկա էին Նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը և այլ խորհրդականներ:

Նույն շարքից