Միացյալ Նահանգներն ուրբաթ պաշտոնապես հայտարարել է, որ գտնվում է Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ պատերազմական վիճակում։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջոշ Էրնեստին հղումով։
«Միացյալ Նահանգները գտնվում է «Իսլամական պետության» հետ պատերազական վիճակում այնպես, ինչպես «Ալ Կաիդայի» և ամբողջ աշխարհում նրա համախոհների հետ»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մերձավոր Արևելք էր այցելել՝ ծայրահեղականների դեմ պայքարում կոալիցիա ստեղծելու համար դաշնակիցներ ներգրավելու նպատակով։ Այդ ժամանակ նա խուսափել էր «պատերազմ» բառի կիրառումից՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողություններն Իրաքում։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ն մասնակցում է հակաահաբեկչական գործողության։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 11-ին ներկայացրել էր խմբավորման դեմ պայքարի նոր ռազմավարությունը։ Նա հայտարարել էր, որ Իրաք զորք չի պատրաստվում մտցնել, փոխարենը՝ ԱՄՆ օդուժը կուժեղացնի խմբավորման դիրքերին օդային հարվածների ինտենսիվությունը։