Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն քննադատել է Թուրքիային «Ալ Նուսրայի ճակատ» և «Ահրար ալ Շամ» ծայրահեղական խմբավորումներին օգնելու համար:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Posta թերթի կայքը, Ռիկարդոնեն նշել է, որ իրենք բազմիցս կոչ են արել չօգնել այդ խմբավորումներին, սակայն չնայած այդ զգուշացմանը՝ թուրքական կառավարությունն աչք է փակում այն հանգամանքի վրա, որ նրանք հեշտությամբ հատում են թուրք-սիրիական սահմանը:
Նախկին դեսպանը նշել է, թե իրենք Սիրիայում կռվող ընդդիմադիր խմբավորումներին բաժանում են ըստ գույների. կարմիրով ընդգծում են «բացահայտ թշնամիներին», դեղինով՝ «միջիններին», իսկ կանաչով՝ «վստահելի բարեկամներին»:
Թուրք պաշտոնյաներն օգնում են դեղինով նշված խմբերին՝ հավատալով, որ կկարողանան համոզել նրանց և «կանաչի վերածել»:
«Մենք նրանց ասում ենք՝ իհարկե դա հնարավոր է, սակայն այն խմբերից շատերին, որոնց դուք փորձում եք համոզել, «կարմիր գծից» այն կողմ ենք համարում: Նրանց հետ աշխատելը հնարավոր չէ: Դուք էլ եթե չաշխատեք նրանց հետ, լավ կլինի: Չպետք է թույլ տաք, որ այդ խմբերը հատեն սահմանը»,-ասել է նա: