ԱՄՆ-ն տեղյակ է եղել, որ Թուրքիան սատարում է «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորմանը, սակայն քայլեր չի ձեռնարկել, գրում է Asbarez-ը՝ վկայակոչելով բրիտանական The Telegraph-ի հրապարակումը:
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտարարել էր, որ Թուրքիան անմիջականորեն աջակցել է «Ալ- Կաիդայի» սիրիական թևին, աշխատել խմբավորմանն առնչվող այլ կազմակերպությունների հետ, ինչպես նաև բաց արել իր սահմաններն ահաբեկիչների համար:
Այս առնչությամբ սփյուռքահայ աղբյուրը հիշել է մարտի հարձակումը Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա, որի հետևում ևս Թուրքիան էր: Նկատվում է, որ «Ան-Նուսրայի ճակատը», որն իրականացրել էր հարձակումը Քեսաբի վրա, ներկայիս «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման «նախատիպն» էր, որի դեմ այժմ պայքարում են ԱՄՆ-ն ու դաշնակիցները:
Թուրքիայի և ահաբեկիչների համագործակցության առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը եղել է «չտեսնելու տալը»: Wall Street Journal-ը նույն հրապարակման հիման վրա գրել է, թե ԱՄՆ-ն պետք է իր համար ավելի լավ դաշնակից գտնի տարածաշրջանում, քան Թուրքիան է: Որպես «այլընտրանք» առաջարկվում են քրդերը: