Տնտեսություն 

Կառավարությունը հավանություն է տվել 2019-2023 թթ. ոչխարաբուծության զարգացման ծրագրին

Այսօր` սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստում գործադիրը որոշում է ընդունել ՀՀ-ում 2019-2023 թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին: Որոշման ընդունումը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ և զարգացմամբ։ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ ոչխարաբուծությունն առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից է, և միջազգային գները, ինչպես նաև ոլորտում տիրող իրավիճակը հուշում են, որ այս ներուժը հնարավոր է իրացնել առաջիկա տարիներին: Մասնավորապես, արդեն 2019 թ. դրությամբ, ըստ օպերատիվ տվյալների, արտահանման ցուցանիշների զգալի աճ է գրանցվել՝ հանրապետությունից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս, իսկ գինը գրեթե 50 տոկոսով աճել է: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Վրաստանը: Արտահանման ցուցանիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար: Որոշման ընդունման նպատակն է՝ պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես, մատչելի վարկավորման պայմանների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, որը կնպաստի արտաքին շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է, որ տնտեսվարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ, կբարձրանա ճյուղի շահութաբերության մակարդակը, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի և արտահանման ծավալները և այլն:

Վարչապետ Փաշինյանի առաջարկով Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է ընթացակարգերը, որպեսզի ծրագրով հետաքրքրվող տնտեսվարողները տեղյակ լինեն, թե ինչ քայլեր պետք է անել՝ ո՞ւմ դիմել, ի՞նչ ժամկետում և ի՞նչ պայմանների պետք է բավարարել՝ ծրագրից օգտվելու համար: Նշվել է նաև, որ Համաշխարհային բանկի հետ նախնական պայմանավորվածություն կա՝ տեղական տոհմային ոչխարաբուծության զարգացմանն ուղղված աշխատանքներն սկսելու համար:

Գործադիրը որոշում է ընդունել «Սրուրեան ակնաբուժական կենտրոն» ՍՊԸ կողմից՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ակնաբուժական ծառայությունների մատուցման համար (ք. Երևան)։ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշել է, որ ընկերությունն աշխատում է 2016 թվականից, ընդհանուր ներդրումային ծրագրի ծավալը կազմում է 170 մլն ՀՀ դրամ, արդեն իրականացվել է 120 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներկայում առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 3-ը: Ակնկալվում է, որ ծրագրով նախատեսված մատուցվող բժշկական ծառայությունների ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 60-70 մլն ՀՀ դրամ: 2018 թ. ընկերության կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 14 մլն դրամ, ընկերությունն արտադրանքը ձեռք է բերելու առաջնային արտադրողից, այսինքն՝ սարքավորումներն ամբողջապես նոր են:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից