Միջազգային 

Օբաման Ադրբեջանում դեսպան է նշանակել լավ տնտեսագետի

Ադրբեջանում զարմացած են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկությամբ Ադրբեջանում դեսպան է նշանակվում ոչ թե դիվանագետ, այլ տնտեսագետ: Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է Ադրբեջանում դեսպանի թեկնածու Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտայի հարցը, ով մասնագիտացած է տնտեսական հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը:

 

Կայքը համոզմունք է հայտնում, որ Ադրբեջանում դեսպանի պաշտոնում տնտեսագետի նշանակելով` Վաշինգտոնը հասկացնել է տալիս Բաքվին, որ Ադրբեջանում իրեն հետաքրքրում է ոչ թե դիվանագիտությունը, այլ` տնտեսական հարցեր:

 

Մինչ այդ Սեկուտան եղել է ԱՄՆ-ի պետքարտուղարի էներգետիկայի, պատժամիջոցների և առևտրի հարցերով տեղակալի օգնականը: 30 տարվա դիվանագիտական փորձ ունեցող Սեկուտան հիմնականում զբաղվել է տնտեսական հարցերով: Նա  2003-2007 թվականներին Բեռլինում, 2007-2009 թվականներին Տոկիոյում զբաղվել է տնտեսական հարցերով:

 

Գերմանիայում գտնվելու ժամանակ աշխատել է որպես էկոնոմիկայի նախարարի տեղակալ, զբաղվել է նաև ահաբեկչության և միջազգային հանցագործույունների դեմ պայքարի խնդիրներով:

 

Ռոբերտ Սեկուտան ԱՄՆ պետքարտուղարության էկոնոմիկայի և բիզնեսի հարցերով բյուրոյում աշխատել է նաև որպես խորհրդատու, տնտեսական քաղաքականության վերլուծությունների և հասարակական դիվանագիտության բաժնի տնօրեն, Իրաքի տնտեսական զարգացման խմբի և բիոտեխնոլոգիաների գծով հատուկ միջնորդ:

 

Ռոբերտ Սեկուտան ավարտել է Ջորջթաունի համալսարանը: Նա ազգային անվտանգության ռազմավարությունների գծով մագիստրոս է: Տիրապետում է գերմաներենին, ալբաներենին և արաբերենին:

 

Նույն շարքից