Միջազգային 

Վենետիկյան հանձնաժողովը կգնահատի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Վենետիկյան հանձնաժողովը հոկտեմբերի 10-11-ին կգնահատի  սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը եւ հոկտեմբերի  15-ին արդեն հայեցակարգի վերջնական տարբերակը կներկայացվի հանրությանը ու կսկսվեն քաղաքական քննարկումներ: Այս մասին սեպտեմբերի 16-ին «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած քննարկումների ընթացքում հայտարարել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: 

 

Ըստ նրա՝ բարեփոխումների հիմնական նպատակը համակարգային փոփոխություններն են, որոնք ապահովում են օրենքի, երկրի քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների առաջնայնությունը, իշխանության տարբեր թեւերի իրական բաժանումը: Նրա խոսքով՝ երկրի շատ խնդիրներ, այդ թվում՝ ընտրական գործընթացների հանդեպ քաղաքացիների անվստահությունը, իշխանության ավելորդ կենտրոնացվածության արդյունք են:  Նա ընդգծել է, որ անգամ  2005թ. սահմանադրական բարեփոխումների ընդունումից եւ նախագահի լիազորությունների զգալի կրճատումից հետո էական ոչինչ չի փոխվել: Պողոսյանը նշել է, որ կիսանախագահական համակարգն արդյունքում հանգեցրել է նախագահական եւ խորհրդարանական համակարգերի  ոչ թե դրական, այլ բացասական ասպեկտների համադրմանը:

 

Նա նաեւ տեղեկացրել է, որ հայեցակարգի նախագծի վերջին հրապարակումից հետո փաստաթղթում փոփոխություններ են արվել եւ լրացումներ՝ մասնավորապես ընդդիմության դերի մեծացման մասով:

 

 Նա ընդգծել է, որ այժմ ԿԸՀ-ի նախագահ ընտրելու համար «որակյալ քվորում» է պահանջվում: Բացի այդ, ընդդիմությանը կամ խորհրդարանական փոքրամասնությանը այս կամ այն հարցով քննչական կոմիտեի ստեղծման իրավունք է վերապահվում, որը կարող է ղեկավարել այն նախաձեռնող ուժը:

Նույն շարքից