Թուրքիան շարունակում է չճանաչել Ռուսաստանին միանալու վերաբերյալ Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերինախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը:
«Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում 2014 թվականի մարտի 16-ին անցկացված հանրաքվեն Անկարայի համար օրինական չէ: Թուրքիան շարունակում է չճանաչել այդ հանրաքվեի արդյունքները, որով ինքնավար հանրապետությունը մտել է Ռուսաստանի Դաշնության կազմ», -ասել է նա:
Այդուհանդերձ, Թուրքիան չի միացել ուկրաինական իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի երկրների և Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառմանը: Ընդհակառակը` օգտվելով այդ պատժամիջոցներից, Թուրքիան ակտիվացրել է բնամթերքի առևտուրը Ռուսաստանի հետ:
Ուշագրավ է, որ Թուրքիան Ղրիմի հանրաքվեն չճանաչելու մասին հայտարարությունը նորացրել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստվում է ռազմականացնել Ղրիմը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ հայտարարել է, որ 2014 թվականից սկսած երկրի հարավարևմտյան տարածաշրջանում ռազմական և քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով որոշվել է Ղրիմում լիակազմ բանակ տեղակայել: