Միջազգային 

Զինվորականները դեմ են արտահայտվել Շոտլանդիայի անկախությանը

analitik.am

Sun թերթը հրապարակել Է 14 նախկին բարձրաստիճան զինվորականների բաց նամակը, որով շոտլանդացիներին կոչ Է արվում դեմ քվեարկել Լոնդոնից անկախանալուն, քանի որ ներկայիս տեսքով Մեծ Բրիտանիայի պահպանումը, ուժայինների կարծիքով, «խիստ կարևոր Է մեր ընդհանուր անվտանգության համար»,-տեղեկացնում Է  BBC-ին:

 

Ուղերձն ստորագրել են Միացյալ Թագավորության պաշտպանության յոթ նախկին նախարարներ, ռազմածովային նավատորմի երեք նախկին ղեկավարներ և բանակի ու ռազմաօդային ուժերի երեք նախկին գլխավոր հրամանատարներ: Նրանց կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալը կթուլացնի կղզու բոլոր բնակիչներին»:

 

Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեն կկայանա սեպտեմբերի 18-ին, և եթե բնակիչների մեծամասնությունն արտահայտվի Միացյալ Թագավորության կազմից նրա դուրս գալու օգտին, անկախությունը կհռչակվի 2016 թվականի մարտի 24-ին:

 

Բրիտանացի բազմաթիվ նշանավոր անձինք վերջին օրերին արտահայտվել են Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում պահպանելու օգտին: Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը դիմել է շոտլանդացիներին՝ կոչ անելով առաջիկա հանրաքվեում քվեարկել տարածաշրջանի անկախության դեմ:

 

Երկրի միասնության պահպանման կողմնակիցների թվում են՝ Rolling Stones լեգենդար խմբի առաջատար Միք Ջագերը, երաժիշտ Փոլ Մաքարթնին, դերասանուհիներ Հելեն Բոնեմ Քարթերը և Ջուդի Դենչը, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերը, գրող Ջոան Ռոուլինգը և ուրիշներ:

 

Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման շուրջ հանրաքվեում քվեարկելու համար գրանցվել է մոտավորապես 4,3 մլն մարդ: 2014 թվականի տվյալներով՝ Շոտլանդիայի բնակչությունը կազմում է 5,3 մլն մարդ, որոնցից մոտավորապես 4,4 միլիոնը չափահաս քաղաքացիներ են: Այդպիսով, ձայնի իրավունք ունեցող շոտլանդացիների առնվազն 97 տոկոսը կմասնակցի տարածաշրջանի կարգավիճակի շուրջ հանրաքվեին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Նույն շարքից