Միջազգային 

Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

analitik.am

Մեծ Բրիտանիան ուրախ է այն արդյունքների համար, որոնք բերեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Այս մասին ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը՝ «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» (ՏՀԿ) և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած քննարկման ժամանակ, որը նվիրված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերլուծությանը՝ Հայաստանի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության շեշտադրմամբ:

Դեսպանը նշեց, որ Ռուսաստանի՝ եվրոպական հարևանին ուղղված սպառնալիքները անկայունություն են բերում: «ՆԱՏՕ-ն ցույց տվեց իր ռեակցիան այս սպառնալիքներին, և այն, որ հիմնական խաղացող է անվտանգության ոլորտում»,- ասաց նա:

Դեսպանի գնահատմամբ՝ գագաթնաժողովի հիմնական արդյունքը գործողությունների պլան մշակելն էր: «Ռուսաստանը դիտարկում է ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք, և մենք պետք է պատասխանենք»,- ասաց նա և նշեց, որ ՆԱՏՕ-ն պետք է բարձր պատրաստվածության օպերատիվ խմբերի գործողությունները մշակի:

Ըստ նրա՝ դաշնակիցները ավելի շատ պետք է ծախսեն պաշտպանության վրա: Դեսպանը գտնում է, որ Ուկրաինայի հարցում պետք է շատ ավելի կոորդինացված միջոցներ ձեռք առնել:

Մեծ Բրիտանիայի դեսպանը անդրադարձավ նաև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին և ասաց. «Մենք գնահատում ենք Հայաստանի համար այս փոխհարաբերությունները»: Նա նշեց, թե սպասում են , որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն կուժեղացնեն համագործակցությունը, հարաբերությունները:

Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն կարևոր համարեց պաշտպանական հնարավորությունների զարգացումը, փոխգործակցության պլատֆորմը, որոնք ուղղված են գործընկերների ունեցած հնարավորությունների հզորացմանը: Նա կարևորեց վերապատրաստման աշխատանքները: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նշեց, որ գործընկերությունը Հայաստանի հետ շարունակվում է:

Նույն շարքից