Միջազգային 

Եվրախորհրդարանում քննարկվում է Ադրբեջանին քննադատող բանաձև

analitik.am

 Ադրբեջանում ընթացող բռնաճնշումների հետ կապված քննարկումներ են անցկացվում Եվրախորհրդարանում: Նախատեսվում է` որպես քննարկումների արդյունք, որոշում ընդունել: Եվրոպայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների պատրաստած որոշման նախագիծը տեղադրվել է կառույցի կայքում: Նախագծում տեղ են գտել Ադրբեջանում իրագործվող ռեպրեսիաները, այդ թվում` իրավապաշտպանների ձերբակալությունները, ազատ մամուլի նկատմամբ ճնշումները, ոչ կառավարական կազմակերպություններին լռեցնելը: Այլ հարցերին զուգահեռ առաջարկվում է Ադրբեջանի չինովնիկների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

Նախագծում մեկ առ մեկ ներկայացվում են եվրոպական կառույցների առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, և հիշեցվում, որ ադրբեջանական իշխանությունները կյանքի չեն կոչում դրանց գերակշիռ մեծամասնությունը:

 

Նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանում աճել են հասարակական և քաղաքական ակտիվիստների, ոչ կառավարական կազմակերպությունների, իրավապաշտպանների, երիտասարդների, մամուլի օրգանների, ընդդիմադիր ուժերի, սոցիալական ցանցերի ակտիվիստների և լրագրողների դեմ աննախադեպ ճնշումներն ու ձերբակալությունները:

 

Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանությանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղաքացիական հասարակության ձերբակալված ակտիվիստներին, չեղյալ համարել նրանց նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրանքները, գտնել և պատժել բոլոր իրական մեղավորներին, վերացնել ԶԼՄ-ների գրաքննչությունը, վերջ դնել հասարակական կազմակերպությունների, ազատ մամուլի, ընդդիմադիր ուժերի,կ իրավապաշտպանների, երիտասարդների և սոցցանցերի ակտիվիստների դեմ ռեպրեսիաներին:

 

Կոչ է արվում դադարեցնել Եվրահանձնաժողովի` հարևանության քաղաքականության շրջանակում Ադրբեջանին հատկացվող ֆինանսավորումը:

 

Եվրահանձնաժողովի անդամ երկրներին և Եվրամիությանը կոչ է արվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը:

 

Եվրամիությանը և անդամ երկրներին կոչ է արվում ուժեղ քաղաքական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի անկախ կազմակերպություններին, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի կառավարության առաջ բարձրացնել ռեպրեսիաները դադարեցնելու հարցը:

 

Նույն շարքից