Տնտեսություն 

Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց. ԱԺ նիստն ընդհատվեց

Այսօր` սեպտեմբերի 23-ին, խորհրդարանն արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ շարունակում է քննարկել  ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց:

Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է վերանայել ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը, որի արդյունքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորություններն առաջնահերթ կմարվեն այդ հարկատեսակների դեբետային գումարների հաշվին: Նախատեսվում է, որ ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին կմուտքագրվեն նաեւ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարները: Կվերանայվի պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի սահմանված չափը. այն 20 մլն դրամից կդառնա 40 մլն դրամ:

Նախագիծն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ մինչեւ 5 մլն դրամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման համար կկիրառվի առավել պարզ մեխանիզմ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ պետությունը, այսօր ունենալով բավարար ֆինանասական միջոցներ, նպատակ ունի հարկ վճարողներին վերադարձնել մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն առաջացած 56 միլիարդ դրամ գումարի պարտքը՝ ակնկալելով, որ վերջիններս այն կներդնեն տնտեսության մեջ, ինչն էլ իր հերթին կնապստի տնտեսական աճին:

 

Նույն շարքից