ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնապես հայտարարել է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային զավթած շրջաններում «Իսլամական պետություն` խալիֆայություն» հռչակած եւ նավթի 11 խոշոր հանքահորերի տիրացած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից վաճառվող նավթը Թուրքիայի կողմից գնելու մասին:
Ինչպես հաղորդում է «Դողան» լրատվական գործակալությունը, այդ մասին Քերին հայտարարել է ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԻԼԻՊ-ի դեմ պայքարը ներկայացնելու ժամանակ: Քերին քննադատել է Թուրքիային եւ Լիբանանին ԻԼԻՊ-ի կողմից զավթած հանքահորերից արդյունահանվող նավթը մաքսանենգ ճանապարհով իրացնելու համար:
The Telegraph-ը հայտնել է, որ Թուրքիան էժան նավթ է գնում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումից, որը Իրաքում եւ Սիրիայում իր կողմից վերահսկվող նավթահորերից արդյունահանվող նավթի վաճառքից օրական 3 մլն դոլար է ստանում:
Փորձագետների տվյալներով` ԻԼԻՊ-ը նավթը վաճառում է նվազագույն գնով` մեկ բարելի դիմաց 25 դոլարով, այն դեպքում, երբ նավթի շուկայական գինը մեկ բարելի դիմաց գերազանցում է 100 դոլարը: Նավթային գործարքների կենտրոնը Թուզ-Հուրմաթու քաղաքն է, որը գտնվում է իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին:
Նավթային արդյունաբերության գծով իրաքցի մասնագետ Շվան Զուլալը հայտարարել է, որ իսլամիստ ահաբեկիչները վերահսկում են Բայջի քաղաքում գտնվող խոշորագույն նավթավերամշակման գործարանը եւ Քիրքուկից դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ գնացող նավթատար խողովակաշարը: ԻԼԻՊ-ը Սիրիայի եւ Իրաքի տարածքում արդյունհանվող նավթը բեռնատարներով հասցնում է Թուրքիայի, Հորդանանի եւ Իրաքի սեւ շուկաներ:
Թերթը հայտնում է, որ ԻԼԻՊ-ը զգալի եկամուտներ է «վաստակում» նաեւ թալանի, մարդկանց առեւտրի եւ փրկագին ստանալու նպատակով պատանդների առեւանգման միջոցով: