Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին պատերազմում է երկրի արևելքում, այդ մասին հայտարարել է երկրի նախագահը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
«Իմ որդին այնտեղ է... Նա գնացել է այնտեղ սեփական կամքով և հրամանատար է հրետանային զորամասում»,- նշել է Պորոշենկոն։
Նախագահի խոսքով՝ իր որդին Իտոն բրիտանական մասնավոր դպրոցի, Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի, INSEAD ֆրանսիական բիզնես դպրոցի և Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ է։ Պորոշենկոն նշել է, որ միայն վերջին 3 շաբաթվա ընթացքում իր որդու դասակում 3 մարտիկ է զոհվել։
«Դա շատ ուժեղ ազդանշան է, որ հասկացնում է ինձ՝ որպես նախագահի, քաղաքացու և հոր, թե որքան վտանգավոր է այս գործընթացը և որքան կարևոր է խաղաղություն հաստատել այդ տարածքում»,- ասել է Պորոշենկոն։