Ադրբեջանում պաշտոնապես տարվող հակահայկական քարոզչությունն այն աստիճանի խելացնորության է հասցրել այդ երկրի ղեկավարությանը, որ նրանք սկսել են իրենց ամեն անհաջողություն կապել հայերի հետ և հանդես գալ զավեշտալի հայտարարություններով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ այսօր ընդունված բանաձևը, որում լուրջ քննադատության է ենթարկվել Ադրբեջանի իշխանությունը` եվրոպական կառույցների առաջ ստանձնած պարտավորությունները չկատարելու և երկրում փաստացի բռնապետություն ստեղծելու համար, Ադրբեջանում դարձել է իրենց անհաջողությունների մեջ հերթական անգամ հայերին մեղադրելու «պատրվակ»:
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Սիյավուշ Նովրուզովը, haaqin.az-ի հետ Եվրախորհրդարանի բանաձևի հետ կապված զրույցում հայտարարել է, որ իր անցկացրած «հետազոտությունների» արդյունքում պարզել է, թե Եվրախորհրդարանում ընդունված հակադրբեջանական բանաձևը պատրաստել են այդ կառույցի 46 «հայամետ» պատգամավորներ: «Նրանք բոլորն այս կամ այլ աստիճանի կապված են հայկական լոբբիի հետ», -ոչ ավելի, ոչ պակաս, ասել է նա:
Ս.Նովրուզովն իր այդ «բացահայտումը» բացատրել է այն զավեշտով, որ Եվրախորհրդարանի կողմից հակաադրբեջանական բանաձև ընդունելու հիմնական պատճառն այն է, որ «երկիրն արագորեն տնտեսապես զարգանում է, աճում են բնակչության եկամուտները, լուրջ բարեփոխումներ են անցկացվում», և շարունակել թվարկել ադրբեջանական իրականությանը չվերաբերվող այլ անհեթեթություններ: