ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 17-ին հավանության է արժանացրել բանաձևը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին՝ զինել և զինվորական գործ սովորեցնել սիրիական ընդդիմության անդամներին, մասնավորապես՝ Սիրիայի ազատ բանակին` «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, խոսքը Սիրիայի ընդդիմության անդմաներին զինելու, ինչպես նաև նրանց զինավարժանքների ծրագրերի մասին է: Բանաձևին աջակցել են ամերիկյան խորհրդարանի ներքին պալատի անդամները, չնայած ոմանք մտահոգված էին այդ հարցով: Կալիֆորնիա նահանգի ներկայացուցիչ Մայքլ Հնոդը նշել է, որ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է ուշադիր հետևել, թե ում ձեռքերում է հայտնվում ամերիկյան օգնությունը և ովքեր են մասնակցել զինավարժանքներին:
Փաստաթուղթը պետք է ընդունվի նաև Սենատում, որի քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 18-ին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ գործում է այն, այդ թվում` նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ: