Հաջորդ շաբաթ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կքննարկի համաշխարհային համացանցում ռուսական սեգմենտի աշխատանքը՝ արտակարգ իրավիճակներում:
Ըստ «Վեդոմոստի» թերթի՝ կքննարկվի համաշխարհային համացանցից Ռուսաստանի անջատման հարցը: Աղբյուրը վկայակոչում է ռուսաստանյան կապի օպերատորների մի քանի աղբյուրներ: Խոսքը, սակայն, մշտական անջատման մասին չէ:
Ռուսաստանյան օպերատորները պարզապես պետք է այնպես կարգավորեն համակարգը, որ արտակարգ պատահարների դեպքում հնարավոր լինի ռուսաստանյան ինտերնետն օպերատիվ ձևով անջատել համաշխարհայինից:
Այս հանդիպումը նպատակ ունի ամրապնդել «համաշխարհային ցանցում Ռուսաստանի սեգմենտի ինքնիշխանությունը»: Հնարավոր է՝ ինտերնետի կառավարման հատուկ կարգ սահմանվի:
Նշվում է, որ արտակարգ իրավիճակներ կարող են համարվել ռազմական գործողությունները, ցույցերը երկրի ներսում: Հիշվում է Եգիպտոսի փորձը 2011-ի հեղափոխության ժամանակ. անջատվել էին ինտերնետն ու բջջային կապը: