Արդեն 5 օր է հայկական բեռնատարները Ռուսաստանի Դաշնության կողմից կանգնած են Վերին Լարսի անցակետում և չեն մոտենում մաքսակետին, պատճառը բեռնատարների սռնիների և բեռնվածության անհամապատասխանությունն է:
Analitik.am-ի հետ զրույցում բեռնատարի վարորդ, սեփականատեր Վահան Մաթևոսյանն ասաց, որ իրավիճակը լուրջ է, նաև լուրջ է ռուսական կողմի տրամադրվածությունը: ՌԴ-ն միշտ էլ ունեցել է բեռնատարների սռնիներին և դրանց համապատասխան բեռների վերաբերյալ օրենսդրություն, որը ոչ միշտ է կիրառել, սակայն վերջին օրերին ամենայն խստությամբ կիրառում են իրենց օրենքները:
«Մինչև 5 սռնիանի բեռնատարների համար որևէ խնդիր չկա, խնդիրը 5 և 6 սռնի ունեցող բեռնատարներին է վերաբերում: 5 սռնիանի բեռնատարը պետք է կշռի 40 տոննա, իսկ 6 սռնիանի մեքենան՝ 44 տոննա: Եվ եթե 100 կգ տարբերություն է տալու, անցակետում տուգանում են 30 000 ռուբլի և ավելի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Վրաստանին, Մաթևոսյանի փոխանցմամբ, այս տարի փոփոխություն է կատարվել ճանապարհային օրենսգրքում և անկախ սռնիներից, թույլատրվում է 40 տոննա բեռնատարերի երթևեկը երկրում:
«Վերջին 4 տարիներին բավականին լուրջ գումարներ եմ վճարել ՌԴ-ում՝ սռնիների սխալ բեռնվածության պատճառով, վճարել եմ պետական և ոչ պետական: Պատահել է մինչև 100 000 ռուբլի վճարել եմ: Լարսում հարցը ավելի հեշտ էր լուծվում»,- ասաց սեփականատերը:
Հարցին` արդյո՞ք մեքենաները չափից շատ են բեռնված և ինչո՞ւ են հենց հիմա որոշել խստացնել բեռնվածության հարցը, Վահան Մաթևոսյանն ասաց, թե այնպես չէ, որ հայ վարորդները մեղավորություն չեն ունեցել, տուգանքները կապված են եղել մեքենայի բեռնվածության հետ, սակայն կամ ներել են կամ ուշադիր չեն եղել անցակետում: Պատահել է, որ նախապես զգուշացրել են խստացումների մասին, իսկ հիմա որևէ զգուշացում չի եղել:
«Մարդիկ այսօր կանգնած են ՌԴ սահմանին և խնդրի առջև: Մեր մեքենաները կանգնած են Պյատիգորսկում, Վլադիկավկազում, Ույղուրում՝ զգուշանում են առաջ գալ: Իսկ հայկական կողմից կարող են գոնե բարոյական աջակցություն ցուցաբերել, որը չկա»,- ասաց նա:
«Մի քիչ առաջ խոսակցություն էր գնում, որ փակեն մարդատարների և ավտոբուսների մուտքը սահման, քանի որ 5 օր է 1000 բեռնատարի վարորդ կանգնած են, սակայն որևէ պետական պաշտոնյայի չի հուզում իրավիճակը»,- ասաց Վահանը:
Մեր զրուցակիցը որպես վարորդ առաջարկում է իրենց հնարավորություն տալ սխալներն ուղղելու, նաև ռուսական կողմը գործ ունի այս առումով. «ՌԴ-ն թող հնարավորություն տա թե մեր, թե իր, թե վրացական վարորդներին»:
«Մեր վարորդներին բարոյական աջակցություն է պետք նաև, թեկուզ ոչ պետական մասշտաբով խնդրի լուծում է պետք տալ: Առաջին հերթին վարչապետին է պետք հասցնել խնդիրը: Ես չգիտեմ նա տեղյա՞կ է հարցի լրջության մասին: Վստահ եմ, որ մի որոշ ժամանակ հետո Հայաստանում որոշ ապրանքների սղություն կնկատվի»,- շեշտեց Վահան Մաթևոսյանը:
Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարությանը, ապա, ըստ ամենայնի, խնդիրը նախարարության «ուշադրության կենտրոնում է: Կապի մեջ են Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ և դիտարկում են խնդրի համակարգային լուծում»:
Պարզապես նշենք, որ նախարարության դիվանագիտությունը վարորդների համար վերջին հույսի բալասան է:
Գոհար Ստեփանյան