ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին առաջին անգամ հանդիպել է իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ և քննարկել Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման կողմից եկող վտանգը, գրում է lenta.ru-ն:
Քերին խոստովանել է, որ Իրանը նշանակություն ունի իսլամիստների դեմ պայքարում: Այդ հայտարարությունը հնչել է «Իսլամական պետություն» խմբավորմանը հակազդելու համար միջազգային կոալիցիա ստեղծելու ԱՄՆ ձգտումների ֆոնին:
Բացի այդ, նախարարներն անդրադարձել են միջուկային բանակցություններին: «Նրանք քննարկել են ձեռք բերված առաջընթացը և աշխատանքը, որը դեռ պետք է իրականացվի»,- հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտում:
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը հրաժարվել է այդ կոալիցիային միանալու ԱՄՆ-ի առաջարկից: Իր հերթին պաշտոնական Վաշինգտոնը բացառում է ռազմական համագործակցությունն Իրանի հետ և մեղադրում է նրան միջազգային ահաբեկչության և Բաշար ալ Ասադի ռեժիմը հովանավորելու համար: