Միջազգային 

Խաղաղությունը սոցիալական առաջընթացի և կայուն զարգացման անհրաժեշտ հիմք է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունն ուղերձ է հղել Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ:  Գլխավոր քարտուղարի ուղերձում ասված է.



«Այսօր Խաղաղության միջազգային օրն է: Ամեն տարի այս օրը Միավորված ազգերի կազմակերպությունը համաշխարհային հրադադարի կոչ է անում: Մենք հակամարտող կողմերին խնդրում ենք վայր դնել զենքը, որպեսզի բոլորը կարողանան շնչել խաղաղության օդը։ Զինված հակամարտությունը անասելի վիշտ է պատճառում ընտանիքներին, համայնքներին և ամբողջ երկրների։ Չափազանց մեծ թվով մարդիկ այսօր տուժում են ռազմատենչ մարդկանց ու ահաբեկիչների վայրագությունների պատճառով։ Եկեք համերաշխություն հայտնենք այդ մարդկանց։



Խաղաղությունն ու անվտանգությունը սոցիալական առաջընթացի և կայուն զարգացման անհրաժեշտ հիմքերն են։ Ահա թե ինչու երեք տասնամյակ առաջ Միավորված ազգերի կազմակերպությունը ամրագրեց ժողովուրդների խաղաղության իրավունքը։ Գալիք տարվա ընթացքում մենք կնշենք Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյակը։ Մեր կազմակերպությունը հիմնված է հաջորդ սերունդներին պատերազմի արհավիրքից ձերբազատելու հանձնառության վրա։ Մենք մեծ հաջողությունների ենք հասել։ Բայց շատ ավելին դեռ պետք է անենք։ Պետք է մարենք ծայրահեղականության կրակը և հաղթահարենք հակամարտության խորքային պատճառները։  Խաղաղությունը երկար ճանապարհ է, որը մենք պետք է կտրենք միասին՝ քայլ առ քայլ, սկսած այսօրվանից։ Եկեք բոլորս կեսօրին մեկ րոպե լռություն պահպանենք։ Եկեք խորհենք խաղաղության մասին և այն մասին, թե ինչ արժեք ունի այն մեր մարդկային ընտանիքի համար։ Եկեք ամուր պահենք այն մեր սրտերում ու մտքերում և հոգածություն հանդես բերենք, որպեսզի հնարավորություն ունենա հասակ առնելու և փթթելու»։

Նույն շարքից