Միջազգային 

Դավութօղլի. Անընդունելի է Թուրքիայի վրա ճնշումը «Իսլամական պետության» նկատմամբ իր դիրքորոշման հարցում

Թուրքիան ինքնուրույն որոշում կընդունի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման նկատմամբ իր դիրքորոշման վերաբերյալ, նրա վրա ճնշում գործադրել չի կարելի: Այս մասին թուրքական NTV և Star TV հեռուստաալիքներին տված հարցազրույցում երեքշաբթի օրն ասել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայից սպասում է «Իսլամական պետության» դեմ պայքարին ուղղված ջանքերի ակտիվացում՝ այն բանից հետո, երբ այդ կազմակերպության գրոհայինների ձեռքում գտնվող թուրք գերիների հետ կապված ճգնաժամը բարեհաջող հարթվել է:

««Իսլամական պետության» դեմ պայքարի հարցը քննարկվել է հարգելի Քերիի՝ Անկարա այցի ժամանակ: Վերջերս համաշխարհային ԶԼՄ-ներում տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան կարծես քննություններ է հանձնում և պետք է ինչ-որ բան ապացուցի: Մենք պարտավոր չենք ոչինչ ապացուցել: Թուրքիան այն երկիրը չէ, որին, ամբողջ հարցը կապելով գերիների հետ, կարելի է հարցնել՝ «Իսկ դուք հիմա ինչպե՞ս կվարվեք («Իսլամական պետության» նկատմամբ), երբ գերիներն ազատ են արձակվել»: Մենք ինքներս կընդունենք մեր սեփական որոշումը»,- նշել է Դավութօղլուն:

Նա հերքել է իր կառավարության հասցեին մեղադրանքները, թե Թուրքիան «Իսլամական պետությունն» ահաբեկչական կառույց չի համարում: «Մենք 2013-ի հոկտեմբերի 13-ին նախարարների խորհրդի նիստի ժամանակ «Իսլամական պետությունը» պաշտոնապես հայտարարել ենք ահաբեկչական կազմակերպություն: «Իսլամական պետության» նկատմամբ մեր դիրքորոշումը որոշված է: Բայց երբ նրանց մոտ գերի էին մեր քաղաքացիները, մեզ ուզում էին ստիպել ինչ-որ բան ասել՝ այդպիսով խնդրի մաս դարձնելով»,- ասել է Դավութօղլուն:

Հիշեցնենք. իրաքյան Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության 49 աշխատակիցները, որոնց պատանդել էին «Իսլամական պետության» գրոհայինները, սեպտեմբերի 19-ին ազատվել են:

Նույն շարքից