Տնտեսություն 

Ջոնիկ Աբրահամյանը ոռոգման ջրից զրկել է Արևաբույր համայնքը

analitik.am

Տարիներ առաջ, երբ Աբրահամյանները տեր ու տնօրեն էին Արարատի մարզում, Արևաբույր համայնքում գործում էր արտեզյան ջրհոր, որի օգնությամբ համայնքը ոռոգում էր տնամերձերը:

Ջրհորը մոտ 150 մետր խորությամբ էր, փորված Խորհրդային միության տարիներին՝ համայնքի ոռոգման կարիքները հոգալու համար:

Երբ Արարատյան դաշտում ձկնաբուծարանների կողմից արտեզյան ավազանի գերշահագործման հետևանքով արտեզյան ավազանի ջրային հորիզոնները նվազեցին, ձկնաբուծարանները ևս ջրի խնդիրներ ունեին: Ի՞նչ արեցին Աբրահամյանները, որպեսզի Արևաբույր համայնքի հարևանությամբ՝ Մարմարաշենում, նոր-նոր գործարկվող ձկնաբուծարանը՝ «Մխչյան ֆիշը» գործեր, փակեցին Արևաբույրի ոռոգման ջրհորը. իրենց ձևով:

Արևաբույրում պատմում են, որ ջրհորը վերանորոգելու պատրվակով Աբրահամյանները հորատող ծանր սարքը գցում են հորի մեջ և ջուրն այլևս հոսք չի ապահովում՝ փոխարենը սկսում է Մարմարաշենում գործող ձկնաբուծարանի հորը ջուր ապահովել և ձկնաբուծարանն աշխատում է: Այս ամենը ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանի եղբարը՝ Ջոնիկ Աբրահամյանը:

Պատմում են, որ ձկնաբուծարանի ղեկավարներն ուրախությունից ցատկոտում էին ջրի մեջ, քանի որ ջրի հույս չունեին:

Իսկ ի՞նչ եղավ Արևաբույր համայնքի հետ. համայնքը զրկվեց ոռոգման ջրից, այն այժմ ապահովում է նախկինի մոտ 10 տոկոս ջրային հոսքը և մինչև այժմ էլ հորատման մետաղա գործիքը ջրհորի մեջ է:

Եվ ահա Մարմարաշենում գործող նույն «Մխչյան Ֆիշը» 2018թ-ից հայտնվել է  դատական գործընթացներում:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրելով «Մխչյան Ֆիշի» գործունեությունը, խախտումներ էր հայտնաբերել և ընկերությանը ներկայացվել էր շուրջ կես միլիարդ դրամի (585 169 920) փոխհատուցման պահանջ և 200 000 դրամի վարչական տուգանք` շրջակա միջավայրին հասցված վնասի դիմաց։

«Մխչյան Ֆիշի» տնօրեն Ամբիկ Գևորգյանը, ով Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբայրն է, դիմել էր դատարան՝ որոշումը չեղարկելու պահանջով:

Առաջին ատյանի դատարանը գործը կասեցնել` մինչև դրա կասեցումն առաջացրած հանգամանքի վերանալը։

Նշենք նաև, որ «Մխչյան Ֆիշը» դատի է տվել ՊԵԿ-ին, քանի որ ՊԵԿ-ն ընկերությունում ստուգումների արդյունքում խախտումներ էր հայտնաբերել, դարձյալ Ամբիկ Գևորգյանը համաձայն չէ պետական կառույցի ստուգումների արդյունքի հետ:

Ահա նման խախտումներով աշխատող ձկնաբուծարանի համար Արևաբույր համայնքը զրկվել է ոռոգման ջրից:

Նույն շարքից