Տնտեսություն 

Խաղողագործների շուխուռը հասա՞վ Նիկոլ Փաշինյանին. խաղողի մթերման անաղմուկ խորդուբորդերը

Այսօր կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու են Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարը, Արենի վարչական համայնքի ղեկավարը, մարզպետարանից ներկայացուցիչներ, խաղողագործներ: Այս մասին Analitik.am-ին ասաց Աղավնաձոր համայնքի խաղողագործ Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նրա, Աղավնաձոր համայնքում խաղողի մթերման շուրջ ստեղծված խնդիրy հիմնականում խարջի տեսակի հետ է կապված. «Խարջի տեսակից կարող են ստանալ 50-60 տոկոս սպիրտ, իսկ սովորական սպիտակ խաղողից՝ 20 տոկոս, այդ պատճառով խարջին թանկ է գնահատվում: Պռոշյանի գինու գործարանը մեզնից 200 դրամով է վերցնում, իսկ անցած տարի վերցնում էին 470 դրամով»:

Խաղողագործի խոսքով, երկու տարի առաջ խաղող վերամշակողներն աղավնաձորցիներին հորդորել են զբաղվել խարջի տեսակի արտադրությամբ և անցած տարի մթերել են 450-470 դրամով, սակայն այս տարի հայտարարում են, որ իրենք խարջի պետք չէ, սակայն մեկ կգ-ն 200 դրամի պարագայում, պարզվում է պետք է:

«Մեզ ձեռնտու չէ 200 դրամով խարջի մթերելը, եթե այդ գնով վերցնեն, մենք վազերը կկտրենք, այդ գնով խարջին չի արդարացնում, ծախսը շատ է»,-ասաց Տ.Խաչատրյանը:

Նա նաև նշեց, թե խաղողագործներն ինչ ակնկալիքներ ունեն վարչապետի հետ հանդիպումից. արենի տեսակի մասին է խոսքը, խաղողի այս տեսակը քիչ քանակությամբ է մշակվում, սակայն երկրի գրեթե բոլոր գինու գործարանները ողջ տարին Արենի տեսակի գինի են արտադրում, որն անհնար է:

«Մենք պահանջելու ենք, որ վերահսկող մարմին ստեղծվի: Վերամշակող ընկերությունների նման խարդախությունների հետևանքով մեր խաղողի գինը բարձրանալու փոխարեն իջնում է»,-ասաց Տ.Խաչատրյանը:

Բացի այդ, խաղողագործները դժգոհում են Պռոշյանի գինու գործարանից, ընկերությունը ոչ միայն խարջին մթերում է 200 դրամով, այլև վճարելու է 3 ամիս հետո, իսկ խաղողագործները վարկեր ու այլ պարտավորություններ ունեն, որոնք պետք է կատարեն: Ուշ վճարելու պարագայում հավանականությունը մեծ է, որ ժամկետնանց վարկեր կունենան և խաղողագործները կկանգնեն խնդրի առջև:

«Եթե ընկերությունները գումար չունեն, կառավարությունը կարող է նրանց գումար տրամադրել, որ մեզ վճարեն»,-ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը նաև անդրադարձավ վերջերս վարչապետի և խաղող վերամշակող ընկերությունների հետ հանդիպմանը, որտեղ քննարկման թեման դարձյալ խաղողի մթերումն էր: Ընկերություններից մեկի պատասխանատուն նշել էր, որ աղավնաձորցիները ճանապարհ են փակել անցած տարի և ինքը ստիպված է եղել բարձր վճարել ու տուժել է: Տիգրան Խաչատրյանը շեշտեց, որ իրենք ճանապարհ չեն փակել և նման միջադեպ չի գրանցվել:

«Ճանապարհը միայն փակվել է, երբ Ոսկեվազ ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր մեկնարկային գին 400 դրամ, աղավնաձորցիները բողոքեցին, նրանք էլ դարձրին 450 դրամ: Դրանից հետո մի փոքր գործարան կար, նրանք էլ վերցրին խարջի 100 տոննա՝ 470 դրամով: Այսքանը»,-հաղորդեց խաղողագործը:

Ինչ վերաբերում է մի քանի օր առաջ Վայոց ձորի մարզում ճանապահ փակելուն, ապա ասաց, որ դա արվել էր միմիայն վարչապետի ուշադրությունը գրավելու համար, քանի որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ենթադրել էին, որ վարչապետը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում խաղողի մթերման շուրջ:

«Ճանապարհը փակել էինք, որ շուխուռը հասնի վարչապետին»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Արենի տեսակը մթերում են 265 դրամով մեկ կգ-ն, իսկ խարջի տեսակը՝ 200 դրամով:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից