Տավուշի մարզի Չինարիի տարածաշրջանից շուրջ 7 տոննա արքայանարինջ է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը:
Նա նշեց, որ արդեն 3 օր է տարածաշրջանում սկսվել է արքայանարինջի բերքահավաքը և առաջին անգամ է, որ տարածաշրջանից արքայանարինջ է արտահանվել:
«Մենք միշտ էլ արքայանարինջ ունեցել ենք՝ թե դաշտերում, թե տնամերձերում, փոխանակում ենք արել Գավառում, Շիրակում: Իրացրել ենք Երևանում: Չինարիի դիրքը շատ հարմար է արքայանարինջի համար, մեր գյուղի ներքևի հատվածում ծովի մակարդակից 600-700 մետր է բարձր, արքայանարինջը լավ աճում է»,- ասաց նա և հավելեց, որ այս տարի կլիման բարենպաստ էր, տարին շոգ, արքայանարինջը մի փոքր շուտ է հասունացել:
Չինարիի վարչական ղեկավարի փոխանցմամբ, վերջին տարիներին նաև արքայանարինջի պլանտացիաներն են ավելացել. «Այս տարի մի հոգի շուրջ 5000 քռ մետրի վրա տնկեց արքայանարինջ, 2-3 հոգի էլ 3000 մետրի վրա են տնկել»:
Նա նաև տեղեկացրեց, որ ըստ խոշորության արքայանարինջը մթերում են 150-ից 200 դրամով, նաև ժամանակավոր աշխատատեղեր են բացվել, 5000 դրամ օրավարձով աշխատում են:
«Չինարին սահմանապահ գյուղ է, Հայաստանը սկսվում է այստեղից: Ադրբեջանի երկու շրջանների հետ ունենք 32 կմ ընդհանուր սահման: Արդեն մեկ տարուց ավելի է գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, վերջին կրակոցն անցած տարվա սեպտեմբերի 14-ին է եղել, մենք էլ կամաց-կամաց փորձում ենք մշակել չմշակվող հողերը»,- ասաց Սամվել Սաղոյանը:
Նա հայտնեց նաև, որ այս տարի, հարևան համայնքների հետ միասին տարածաշրջանից 300 տոննա թուզ է արտահանվել, մեկ կգ-ն մթերվել է 800 դրամով և թզի պլանտացիաները ևս ավելացնում են:
«Այս պահին դեռևս թզի բերքահավաքը շարունակվում է, սակայն շուտով կվերջանա, խնձորը քաղել ենք: Այս տարի թզի 10 հա նոր պլանտացիաներ են ավելացել , աշնան կողմը ևս կավելացնեն»,- ասաց վարչական ղեկավարը և հավելեց, որ խաղողի բերքահավաքից ևս գոհ են. մի մասը հանձնում են, իսկ մնացածը կարասներում գինի է դառնում և օղի են թորում. «Հիմա տակառները պայթում են»:
«Խաղաղության դեպքում տարածաշրջանը մեծ հեռանկարներ ունի, կողքի գյուղում կիվի ու բանան են աճեցնում, սարերի ու ձորերի մեջ ենք՝ կանաչ-կանաչ, բնությունն էլ մեղմ, մենակ խաղաղություն լինի՝ ամեն ինչ կլինի»,- շեշտեց Չինարի վարչական ղեկավարը:
Գոհար Ստեփանյան