Տնտեսություն 

Քանի ավտոմեքենա է ունենալու ՍԴ-ն հաջորդ տարի ու քանի դրամ է նախատեսում ծախսել ողջ տարվա ընթացքում

analitik.am

Ընդհանուր առմամբ բյուջեի նախագծով ՍԴ պահպանման ծախսերի համար նախատեսված է 721 միլիոն 247 հազար 200 դրամ, որից 14 միլիոն 142 հազար 100 դրամն օրենքով սահմանված պահուստային ֆոնդի միջոցներն են: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Ղազարյանը նշեց, որ ընթացիկ ֆինանսավորման համար նախատեսված 707 միլիոն 105 հազար 100 դրամի 89,2 տոկոսը ՍԴ դատավորների և աշխատակազմի աշխատակիցների աշխատավճարների, հավելավճարների, ինչպես նաև պարգևատրումների, դրամական խրախուսման համար նախատեսված միջոցներն են:

Արտասահմանյան գործուղումների համար նախատեսված է 12 միլիոն՝ ընթացիկ տարվա 15 միլիոնի փոխարեն:

ՍԴ-ում նախատեսված է 105 հաստիքային միավոր և 9 դատավոր: Հաստիքային փոփոխություններ չեն լինելու:

Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաներին, ապա ՍԴ-ի հաշվեկշռում կա 17 ավտոմեքենա, որից 4-ն արդեն տեղափոխվել են պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ՝ շահագործումից դուրս են բերվել: Սրանով պայմանավորված վառելիքի համար նախատեսված է 1,2 միլիոն դրամով ավելի պակաս գումար:

 

Նույն շարքից