Տնտեսություն 

Հավանական է, որ ՌԴ հայկական պանրի մուտքի արգելքի պատճառը քաղաքական ենթատեքստ ունի․ Պանրագործների միության նախագահ

analitik.am

Այսօր «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված 21 տոննա, կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվել է Հայաստան: Վերին Լարսի մաքսային անցակետն արգելել է հայկական պանրի մուտքը ՌԴ՝ պատճառաբանելով, որ Հայաստանում չի արտադրվել:

Ստեղծված խնդրի շուրջ Analitik.am-ին իր դիտարկումները ներակայացրեց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

Ըստ նրա, իրականությանը չի համապատասխանում այն պատճառաբանությունը, թե «Սպայկայի» բորբոս պանիրը Հայաստանում չի արտադրվել, քանի որ նախ գործարան ունեն, համապատասխան փաստղթղթեր կային, նաև «Սպայկան» առաջին անգամը չէր, որ բորբոս պանիր էր արտահանում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ արգելվեց բորբոս պանրի մուտքը ՌԴ, պանրագործների միության նախագահն ասաց, որ շատ բան կարելի է ենթադրել. «Շատերը հակված են կարծելու, որ քաղաքական ենթատեքստ կա, քանի որ կան պանրագործներ, որ կարողանում են արտահանել իրենց արտադրած պանիրը և նման խնդիրների առջև չեն կանգնում»:

Ի դեպ, ՌԴ-ից պատասխանել են, որ բորբոս պանիրը կարող էր արտադրված լինել Միջին Ասիայում կամ Առաջավոր Ասիայում, որն ըստ նրա, կոմպետենտ պատասխան  չէ:

Գիգոյանը չի զարմանա, որ պանրի արտահանման արգելքը կապված լինի քաղաքականության հետ, քանի որ ռուսական «այդ գերատեսչությունները՝ (Ռոսսելխոզնադզոր և Ռոսպետնադզոր), որպես կանոն, գործիքներ են ցանկացած արտաքին հարաբերությունների մասով»:

«Եղած ինֆորմացիաների շրջանակներում հավանական է, որ ՌԴ հայկական պանրի մուտքի արգելքի պատճառը քաղաքական ենթատեքստն է, սակայն դա է իրականում, թե ոչ՝ դժվարանում եմ ասել: Փաստ է, որ պանիր կարողանում ենք արտահանել, նաև բորբոս պանիր: Խնդիրը կարող է «Սպայկայի» հետ է կապված, կարող է «Սպայկայի» տիրոջ հետ է կապված. տարբեր պատճառներ կարող են լինել»,-նշեց Գիգոյանը:

Պանրագործների միության նախագահը նաև հիշեցրեց, որ սովորաբար բորբոս պանիրները շատ կարճ կյանք ունեն, և չբացառեց, որ «Սպայկան» կարող է զգալի նյութական կորուստներ ունենալ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից