Սպորտ 

Համապատասխան վերաբերմունք կլինի. Արթուր Վանեցյանը պարզաբանեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում

analitik.am

Այսօր ՀՖՖ գործկոմի նիստ է տեղի ունեցել: Նիստից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, պատասխանելով մեղադրանքներին, որ ինքն օրենքի խախտումով է հավաքականի մարզիչ նշանակել, ասաց, որ այսօրվա նիստի օրակարգում մեկ հարց է եղել՝ մարզչի նշանակումը. «Առաջադրվել է պարոն Աբրահամ Խաշմանյանի թեկնածությունը: Առաջ անցնելով՝ տեղեկացնեմ, որ նիստին մասնակցած բոլոր անդամները կողմ են արտահայտվել, Խաշմանյանն այս պահից պաշտոնապես հավաքականի գլխավոր մարզիչն է: Ես շնորհավորում ու հաջողություններ եմ մաղթում նրան այս ծանր ու պատասխանատու աշխատանքում:

Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ասեմ, որ իրականում որևէ խնդիր չի եղել, երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ ու հասարակության ուշադրությունը շատ սևեռվեց այդ հարցի վրա:

Իրականում տեղի է ունեցել պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում ծառայողական քննություն է նշանակվել և համապատասխան պաշտոնատար անձինք կպատասխանեն բոլոր հարցերին, համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի»:

Վանեցյանը հայտնեց, որ 2019 թվականի հունիսի 26-ին տեղի է ունեցել ՀՖՖ-ի հերթական ընդհանուր ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը, որի համաձայն բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների նշանակումը վերապահվում է ՀՖՖ նախագահին. «Որոշման ընդունումից հետո կանոնադրությունը պետք է մուտքագրվեր ԱՆ պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում: Ինչ-որ պատճառներով, այդ կանոնադրությունն ուղարկվել է հոկտեմբեր 25-ին: 10 աշխատանքային օր է պահանջվում դրա գրանցման համար: Ֆորմալ առումով ժամկետը լրանում է վաղը:

Երբ ինձ ներկայացրել են նոր մարզչի նշանակման հարցը, մեր աշխատակազմն ինձ ուղղակի չի տեղեկացրել, որ նոր կանոնադրությունը պետռեգիստրում գրանցված չէ: Այսինքն, զուտ տեխնիկական սխալ է եղել աշխատակցի կողմից, ով նոր կանոնադրությունն ուշ է տարել ԱՆ: Այն աղմուկը, որը բարձրացավ, տեղին չէ: Հարցը լուծվեց, ու մենք այսօր ունենք նոր գլխավոր մարզիչ»:

Նույն շարքից