Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով բնակիչները կարող են դիմել «Մետեքսիմ» ՍՊԸ-ին:
Բացի այդ, նշվում էր հասցեներ, հեռախոսահամարներ, ինչպես նաև այն, որ մեքենաների չկտրատված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով:
Analitik.am-ը զանգահարեց նշված հեռախոսահամարներից մեկով, որին պատասխանեցին, թե չեն կարող գալ և մեքենայի թափքը վերցնել, քանի որ համապատասխան ռեսուրսներ չունեն:
Հարցին՝ իսկ մի քանի մեքենայի դեպքում կգա՞ն, պատասխանեցին, որ անգամ մի քանի մեքենայի դեպքում չեն կարող գալ։
«Այս տարի չենք գա, հիմա ընդհանրապես չենք գա, բայց մեկի համար ընդհանրապես չենք գա»,-ասաց նա՝ նշելով, որ կազմակերպությունն այդքան հնարավորություններ չունի, որ ամեն տեղ ման գա և թափքեր հավաքի:
«Գրել են հայտարարությունը, մեզ էլ են կրակի մեջ գցել, ձեզ էլ»,-ավելացրեց նա և առաջարկեց՝ եթե մեքենայի թափք կա՝ բերել նշված հասցեով:
Նա նաև հաղորդեց, որ մեքենաների հնամաշ թափքերը վերամշակում են և ուղարկում Չարենցավանի մետալուրգիական գործարան:
«Եթե մենք գանք բերենք մեքենայի թափքը, ապա մեկ տոննայի գինը 10 հազար դրամ է, եթե դուք բերեք՝ 12 000 դրամ»,-ասացին «Մետեքսիմ»-ից:
Հիշեցնենք, որ վարչապետի գրառումից հետո մամուլում տեսանյութեր հայտնվեցին, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ընկերության մեքենաները ճանապարհներից հավաքում հնամաշ թափքերը:
Պարզվում է թափքերի հավաքագրումն այդ տեսանյութով էլ ավարտվել է։
Գոհար Ստեփանյան