Տնտեսություն 

Կառավարությունը կրկին թույլ տվեց աջակողմյա ղեկով ավտոմեքենաներ ներկրել, բայց՝ պայմանով

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով քաղաքացիները հնարավորություն կունենան աջակողմյա ղեկ ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաներ ներկրել Հայաստան, արդեն Հայաստանում դրանք դարձնել ձախակողմյա, դրանից հետո ՀՀ օրենսդրության համապատասխան կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ոստիկանությունում և շահագործել Հայաստանում:

Փաշինյանը հիշեցրեց, որ աջակողմյա ավտոմեքենաների ներկրումն արգելվել էր Հայաստանում, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները համապատասխան ձևափոխություններն անում են Վրաստանում. «Աջակողմյա ավտոմեքենաների ներկրումն արգելվում է, սակայն ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկի դիրքը փոխել, որից հետո կհաշվառվի ու շահագործումը կթույլատրվի: Այսինքն, մինչ ձևափոխումը չեն կարող շահագործել, հակառակ դեպքում տուգանքներ կլինեն»,-ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքերով, հարց պետք է դնել՝ արդյո՞ք Հայաստանում ուզում են, որ այս կարգավորումը հիմնական բնույթ կրի, թե պետք է սա ժամանակավոր լինի. «Կարծում եմ, որ այստեղ քննարկելու առիթ կա, ժամկետային սահմանափակումներ պետք է անել»:

Փաշինյանի խոսքերով էլ մաքսային ռեժիմի փոփոխությունը որոշ չափով հարցը կլուծի, դրանից հետո միջավայրի դիտարկումից հետո անդրադարձ կլինի հարցին. «Մենք հիմա խնդիր ունենք՝ աստղաբաշխական թվով ավտոմեքենաներ են ներկրվում: 2020 թվականից հետո անկում կլինի, սակայն պետք է հասկանանք, թե ինչ է լինում այստեղ մնացող ավտոմեքենաների ճակատագիրը՝ որքանն է մնում, որքանը՝ դուրս հանվում»:

Քննարկումների արդյունքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա ժամանակավոր կարգավորում պետք է լինի, հետո՝ ինչ-որ պահից սկսված պետք է արգելվի ցանկացած աջակողմյա ավտոմեքենայի ներկրում՝ անկախ դրանից, թե որտեղ է այն ձևափոխվել:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հարցին, թե որ մարմինն է վերահսկելու դա, կամ ինչ իրավունքի նորմով են մարդկանց արգելելու դա անել, Փաշինյանն ասաց, որ չգիտի:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ կառավարությունում հարցն էլի քննարկվել է, մարդկանց ժամանակ է տրվել, հետո որոշվել է արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը:

Փաշինյանը հայտարարեց, որ ճիշտ են անում, քանի որ ՀՀ քաղաքացիները գումարներ են ծախսում ձևափոխումը Վրաստանում անելու համար:

ՊԵԿ նախագահն առաջարկեց քննարկվող նախագծի համար ժամանակ չհաստատել, այն թողնել մինչև ավելի խելամիտ լուծում գտնելը:

Փոխվարչապետ Ավինյանը կարծում է, որ ինչ-որ փուլից աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրումը պետք է արգելվի՝ անկախ դրանից, թե որտեղ է այն ձևափոխվել:

Վարչապետն առաջարկեց ընդհատել քննարկումը, հասկանալու համար բոլոր նրբությունները՝ արդյո՞ք հնարավոր է ինչ-որ ձևով իմանալ՝ ավտոմեքենան ինչ ղեկով է «ծնվել»:

Առաջարկված նախագիծն ընդունվեց՝ պայմանով, որ քննարկումները կշարունակվեն:

Նույն շարքից