Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեծ մամուլի ասուլիսի սկզբում մեջբերել է Ուիլյամ Շեքսպիրին: Իր ներածական խոսքում Պորոշենկոն հիշել է Շեքսպիրի «Համլետը» և նշել, որ ուկրաինացիների առաջ հարց է դրված՝ «Լինե՞լ, թե՞ չլինել», գրում է gazeta.ru-ն:
Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան արդեն անցել է ամենավտանգավոր շրջանը, և խաղաղությունը սարերի ետևում չէ:
Ուկրաինայի նախագահն ասել է, որ երկիրը դեռ պետք է բարեփոխումների երկար ճանապարհ անցնի դեպի կայունություն ու հաջողություն:
«Միայն բարեփոխումները կարող են բավարարել ուկրաինացիների հեղափոխական տենչը: Դրա այլընտրանքը Ռուսաստանի հետ մեն- մենակ մնալն է»,- ասել է նա՝ հավելելով, որ հարկավոր է կոտրել տնտեսության նեոֆեոդալական համակարգը, երբ երկրում միայն մի քանի օլիգարխներ են հարստանում:
Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը խնդիր է դրել երկրի երեսից ջնջել ուկրաինացիներին:
Ուկրաինայի նախագահը ստորագրել է նաև «Ղրիմում ազատ տնտեսական գոտում հարկային և մաքսային վերահսկողության մասին» օրենքը, հաղորդում է УНИАН-ը:
Օրենքի համաձայն՝ Ղրիմի տարածքում կգործի ֆիզիկական և իրավաբանական անձանց տնտեսական գործունեության հատուկ իրավական ռեժիմ, այդ թվում՝ Ուկրաինայի կարգավորիչ, հարկային և մաքսային օրենսդրության նորմերի կիրառման հատուկ կարգ, ինչպես նաև ֆիզիկական անձանց ներքին և արտաքին միգրացիայի հատուկ ռեժիմ:
Ազատ տնտեսական գոտու շրջանակներում կստեղծվի ազատ մաքսային գոտի: Ազատ տնտեսական գոտին Ղրիմում ներդրվում է 10 տարով:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով Ղրիմն առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։