Իրաքի կառավարությունը ստուգում է Փարիզի մետրոպոլիտենում և ԱՄՆ մի շարք քաղաքներում պատրաստվող ահաբեկչությունների մասին հաղորդագրությունների իսկությունը և կիսվել է անհրաժեշտ տեղեկություններով «իր գործընկերների անվտանգության մարմինների հետ», գրում է ria.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը, որն այդ տեղեկությունը ստացել է պաշտոնական աղբյուրի հայտարարությունից:
«Այժմ իրականացվում է հետախուզական տվյալների իսկության ամբողջական գնահատում, ինչպես նաև ստուգվում է, թե որքան հեռու է գնացել ահաբեկչությունների պատրաստումը»,- հայտարարել է աղբյուրը:
Ավելի վաղ՝ հինգշաբթի, Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրաքի հետախուզությունը բացահայտել է ահաբեկիչների պլանները՝ ահաբեկչություն կազմակերպել Փարիզի մետրոպոլիտենում և ԱՄՆ մի շարք քաղաքներում:
Իրաքի վարչապետի տեղեկություններով՝ ահաբեկչությունները նախապատրաստում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները: Հարցին, թե կանխվե՞լ է ահաբեկչությունների փորձը, ալ Աբադին պատասխանել է՝ «ոչ»: Նրա խոսքով՝ ինքը տեղեկացրել է ՄԱԿ-ին սպասվող վտանգի մասին: