Միջազգային 

Բարոզուն Պուտինից նամակ է ստացել

analitik.am

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նամակ է ստացել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի իրականացման հետևանքների վերաբերյալ, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը: «Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն նախագահ Պուտինից նամակ է ստացել: Նա որոշում է՝ ինչպես լավագույն ձևով պատասխանել դրան, և դա անպայման շուտով կանի»,- հստակեցրել է նա:

 

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ Բրյուսելը և Կիևն «ակտիվ աշխատում են համաձայնագրի իրականացման ուղղությամբ»:

 

«Ասոցացման մասին համաձայնագիրը երկկողմ փաստաթուղթ է, այդ պատճառով դրա վերանայումը կարող է առաջարկվել միայն մասնակից երկու կողմերից մեկի կողմից, և իրականացվել երկրորդ կողմի համաձայնության դեպքում: Մենք չենք ձգտում համաձայնագրի մեջ որևէ փոփոխություններ մտցնել: Ինչ վերաբերում է Ուկրաինային, այն ազատ է և ինքնիշխան միջազգային հարաբերությունների հարցերում»,- նշել է Հանսենը:

 

Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի նամակ է ուղարկել եվրոպացի գործընկերներին:

Նույն շարքից