Միջազգային 

Սաակաշվիլիի կուսակցությունը պահանջում է արգելել «օրենքով գողերի» մուտքը Վրաստան

analitik.am

Վրաստանի նախկին իշխող, այժմ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը (հիմնադիր՝ Միխեիլ Սաակաշվիլի) տեղեկություն է տարածել, որ քրեական հեղինակություններ են մուտք գործում և դուրս գալիս երկրի տարածքից, փոխանցում է apsny.ge-ն։

 

«Ցավոք, Վրաստանում նկատվում են քրեական հեղինակությունների ազդեցության վերադարձի միտումներ»,- նշել են կուսակցությունից։

 

«Համաձայն մեր տեղեկությունների՝ քրեական հեղինակություն Լեկսո Լոգուան (Լեկսո Գալսկի մականունով) 2014թ. հունիսի 12-ին ձերբակալվել է Մինսկ քաղաքում բելառուս իրավապահների կողմից և ուղարկվել Վրաստան։ Հայրենիք վերադարձվելուց հետո այս տարվա օգոստոսին նա, բանտում հայտնվելու փոխարեն, ներկա է եղել Թուրքիայում քրեական հեղինակությունների հավաքին։ Հարկ է նշել, որ նա 2012-ից հետո արդեն 2-րդ անգամ է հատել Վրաստանի սահմանը և 2-րդ անգամ անցել Թուրքիայի տարածք։ Առաջին անգամ այդ փաստն արձանագրվել է 2013թ. օգոստոսի 13-14-ը»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։

 

Կուսակցության համաձայն՝ նման փաստերը վկայում են այն մասին, որ Վրաստանի իշխանությունները համաձայնություն ունեն քրեական աշխարհի հետ։ Այդ մասին է խոսում նաև մեկ այլ դեպք. քրեական հեղինակություն Ավթանդիլ Լյութիձեն Վրաստանի տարածք է մտել Թուրքիայից 2014թ. սեպտեմբերի 5-ին և լքել երկիրը սեպտեմբերի 6-ին՝ անցնելով Ադրբեջանի տարածք։ Վերջինս Լավա Օղլի քրեական խմբավորման ազդեցիկ անդամներից է։ Կուսակցության տեղեկություններով՝ նրան դիմավորել և ուղեկցել է Վրաստանի ՆԳՆ պետական անվտանգության գործակալության ղեկավար Մալխազ Չիկվիլաձեն։

 

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կարծում է, որ իշխանությունների ներկայացուցիչների համագործակցությունը քրեական աշխարհի հետ վտանգ է ստեղծում երկրի պետականության և Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։

Նույն շարքից