Միջազգային 

ԻԼԻՊ-ը Հալեպի մարզում համալրվել է 235 անդամներով

analitik.am

Մինչ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները ռմբակոծում են ԻԼԻՊ-ի հենակետերը, խմբավորումը Հալեպի մարզում համալրվել է 235 անդամներով: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, այս մասին սեպտեմբերի 26-ին տեղեկացրել է Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգի գրասենյակը: Համաձայն տեղեկությունների՝ մոտ 162 ահաբեկիչներ ընդգրկվել են խմբավորման շարքերը Հալեպի հյուսիս-արևելքում և արևելքում: Եվս 73 ահաբեկիչներ խմբավորմանը միացել են Հալեպի գյուղերում: 


Տեղեկություններ կան, որ ահաբեկիչները 15 տարբեր ազգերի են:

 

Մյուս կողմից, տեղեկություններ կան, որ ԻԼԻՊ-ը լուրջ վնասներ է կրել օդային հարվածների հետևանքով: Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քերբին ավելի վաղ նշել էր, որ դեռ շուտ է խոսել հաղթանակի մասին, մանավանդ այդ կազմակերպությունը շարունակում է զենք և գումարներ ստանալ նույնիսկ այն պարագայում, երբ ԻԼԻՊ-ի դիրքերը ռմբակոծվում են Սիրիայում և Իրաքում:

 

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ը և դաշնակից երկրներն առաջին օդային հարվածներն են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ: Ռմբակոծություններին մասնակցել են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Քաթարը: Ռմբակոծությունների ժամանակ օգտագործվել են կործանիչներ, հրթիռներ, ռմբակոծիչներ:

Նույն շարքից