2020 թվականի հունվարից դադարեցվում են որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, և ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ-ում սահմանված նոր մաքսատուրքերը։
Նշենք, որ դադարեցվում են մասնավորապես հացահատիկի, մսի, ձվի, դեղորայքի, ավտոմեքենաների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները և ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ-ում սահմանված նոր մաքսատուրքերը։
Analitik.am-ի հետ զրույցում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ հունվարի 1-ից որոշ ապրանքատեսակների համար կիրառության մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերը, որոնք որոշ դեպքերում ավելի բարձր են, քան մեր հայաստանյան մաքսատուրքերը:
Փոխնախարարը չի կիսում այն կարծիքը, որ այդ իրավիճակը բերելու է ապրանքների համատարած թանկացման:
Նա հղում կատարեց էկոնոմիկայի նախարարությանը, նշելով, որ նախարարությունում աշխատանք են կատարել՝ հասկանալու համար 2020 թվականի փոփոխության գնաճային հնարավոր ճնշումները և հանգել են այն եզրակացության, որ գնաճային ճնշումներն աննշան են:
«Այսինքն էական գնային բարձրացումներ մեր առօրյայում օգտագործվող ապրանքների զամբյուղի մասով, հատկապես էական բարձրացումներ՝ ԵԱՏՄ մաքսատուրքերի մասով, չեն լինի»,-շեշտեց Պողոսյանը և հավելեց, որ ԵԱՏՄ մաքսատուրքերը գործելու են մոտ 800 անուն-ապրանքատեսակների համար:
Ըստ նրա, նախորդ տարիներին, որոշ ապրանքատեսակներ արդեն ընկել են ԵԱՏՄ մաքսատուրքերով հարկման խմբում և 60-70 տոկոսն է միայն այս ապրանքատեսակներից զգալու ԵԱՏՄ մաքսատուրքերի ազդեցությունը:
Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին, ապա փոխնախարարը նշեց, որ Հայաստանի համար արտոնյալ ժամանակահատվածը հունվարի մեկով կավարտվի, իսկ խոսակցությունները, որ այդ արտոնյալ ժամանակահատվածը մի քանի ամիս կերկարացնեն՝ նախատեված չէ:
«Հունվարի 1-ից ավտոմեքենաների համար ևս կկիրառվի միասնական մաքսային վճարները, որոնք ավելի բարձր են, իսկ հետաձգման մասին խոսակցություններն իրատեսական չեն: ԵԱՏՄ դրույքաչափերը հայտնի են՝ որն ինչքանով է փոխվում, բայց դա ինչպես կազդի ապրանքների գների վրա, էկոնոմիկայի նախարությունը պատասխանել է՝ աճը լինելու է ոչ էական»,-ամփոփեց ֆինանսների փոխնախարարը:
Գոհար Ստեփանյան