Սեպտեմբերի կեսերին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի կոճերը վիրահատել էին, և նա այժմ Փհենյանի հիվանդանոցում է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Chosun Ilbo թերթը:
Թերթը պնդում է, որ Կիմ Չեն Ընը աջ կոճը վնասել էր դեռեւս հունիսին`ստուգայցերից մեկի ժամանակ, եւ քանի որ երկար ժամանակ անտեսել էր վնասվածքը, երկու ոտքից էլ սկսել էր կաղալ:
Ըստ թերթի` ԿԺԴՀ-ի առաջնորդը վերականգնողական փուլ է անցնում մայրաքաղաքի Bonghwa Clinic հիվանդանոցում, որտեղ ավանդաբար բուժվում են կուսակցական բարձրաստիճան գործիչները: Հիվանդանոցը եւ Կիմի հիվանդասենյակը խիստ հսկողության տակ են:
Հարավկորեական որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Կիմ Չեն Ընը հանրության առաջ չի երեւացել սեպտեմբերի 3-ից հետո՝ Փհենյանում համերգի այցելելուց հետո, իսկ նախորդ միջոցառումների տեսագրությունները կարող են վկայել, որ նա հիվանդ է:
Արեւմտյան մամուլը նույնպես նշել է, որ Փհենյանում հերթական միջոցառման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդը նկատելի կաղում էր: