Կատալոնիայում ոստիկանությունը ցուցարարներից ազատել է Իսպանիայի կառավարության ներկայացուցչության շենքի առջեւի մայթը, որտեղ ավելի քան հարյուր մարդ վրաններ էին խփել ի նշան Իսպանիայի այդ ինքնավար մարզի ինքնիշխանության շուրջ նոյեմբերի 9-ին բնակչության հարցում անցկացնելու մասին հրամանագրի գործողությունը դադարեցնելու Սահմանադրական դատարանի որոշման դեմ բողոքի:
Գործողության ընթացքում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի են ունեցել բախումներ: Տուժածներ չկան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Կատալոնիայի քաղաքների քաղաքապետարանների մերձակա հրապարակներ՝ իրենց բողոքը հայտնելու Սահմանադրական դատարանի որոշման դեմ:
Չնայած անձրեւին, ամենաբազմամարդ ցույցն անցկացվել է Բարսելոնում, որի մասնակիցները վանկարկում էին. «Մենք ցանկանում ենք քվեարկել: Մենք ժողովրդավարություն ենք ցանկանում»: Ցուցարարների առջեւ ելույթ է ունեցել Կատալոնիայի ազգային ժողով հասարակական շարժման նախագահ Կառմե Ֆորկադելը, ով հայտարարել է. «Հակառակ ամեն ինչի, նոյեմբերի 9-ին մենք քվեարկելու ենք, քանի որ դա պահանջում է կատալոնացիների մեծամասնությունը», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: