Միջազգային 

ԵԽԽՎ նիստում Թինի Քոքսը բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին

Նիդեռլանդները ներկայացնող պատգամավոր Թինի Քոքսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին, տեղեկանում ենք կառույցի կայքից:

 

Վերջին ամիսներին գրանցված պատերազմներից (Ուկրաինայի քաղաքացիական պատերազմը, Գազայի պատերազմը) և Իրաքում ու Սիրիայում բռնությունների աճից բացի, նաև վատթարացել է մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովը նախագահող երկրում՝ Ադրբեջանում, հայտարարել է Նիդեռլանդները ներկայացնող պատգամավորը:

 

«Ամոթ է, որ մի երկիր, որը պատիվ ունի կիսելու այս կազմակերպության անդամակցությունը, օգտագործում է նախագահության իր ժամանակն իր երկրում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը վատթարացնելու համար: Չափազանց շատ կլիներ ակնկալել, որ իրավիճակը բարելավվեր, բայց վատթարացումն ամոթ է»,- հավելել է նա:

 

Քոքսը շնորհակալություն է հայտնել նաև ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորին Ադրբեջան մեկնելու, իրավիճակի մասին զրույցներ ունենալու և հստակ հայտարարությունների համար, թե ինչ պետք է բարելավվի երկրում, որը նախագահում է Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովը:

 

Ան Բրասյորն ավելի վաղ նիստի բացման իր ելույթում հայտարարել է, որ օրեր առաջ նա եզրափակել է իր աշխատանքային այցն Ադրբեջան: Նա նշել է, որ երկրի իշխանություններին հանդիպելուց բացի, նա հանդիպել է նաև ազատազրկման մեջ գտնվող Եվրոպայի խորհրդի երկար տարիների գործընկերների՝ ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների հետ:

 

«Նման բանտարկյալներին մեր այցերն ամեն տեղ ընկալվում են ոչ միայն իբրև խորհրդանիշ, այլև որպես քաղաքական ուղերձ»,- ասել է նա:

Նույն շարքից