Տնտեսություն 

Անհրաժեշտ է բացահայտել, թե ինչպես փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում, օգտագործելով արդի հնարավորությունները, ունենա ավելի հասանելի ֆինանսական միջոցներ

analitik.am

Դեկտեմբերի 13-ին Երևանում կայացել է «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ» օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ։

Աշխատաժողովին մասնակցել են պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների, բանկերի, սթարտափ ընկերությունների, միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներ և ոլորտի  փորձագետներ։

Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ անցյալ շաբաթների ընթացքում Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց կողմից ներկայացված նկատառումների համար։ Նա   կարևորել է նաև Կենտրոնական բանկի կատարած աշխատանքը՝ նշելով, որ այն հիմք է հետագայում ավելի լայն համատեքստում շարունակելու աշխատանքը՝ ներառելով նաև կապիտալի շուկայի բաղադրիչներին առնչվող այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են արժեթղթերի և բորսայի աշխատանքին, իսկ  նորարարական և այլընտրանքային ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում միջոցներ ներգրավել ավելի էժան ենթակառուցվածքների միջոցով։

«Անհրաժեշտ է բացահայտել, թե ինչպես փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում, օգտագործելով արդի հնարավորությունները, ունենա ավելի հասանելի ֆինանսական միջոցներ»,- նշել է Տիգրան Խաչատրյաննը՝ հավելելով հետևյալը․ «Ես խորապես հավատացած եմ, որ Հայաստանում հիմա, ինչպես երբևէ, վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրվող միտումների և կառավարության կողմից որդեգրած քաղաքականության արդյունքում, կան արժեթղթերի շուկան և բորսան զարգացնելու իրական նախադրյալներ»։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են բաժնեմասային ֆինանսավորման և կապիտալի շուկային առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կորպորատիվ կառավարում, քրաուդֆանդինգ, արժութային և այլ կարգավորումներ, բիզնես հրեշտակներ, թափանցիկություն, այս գործընթացներում սփյուռքի կապիտալի հնարավոր ներգրավում և այլն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է, որ քննարկումները նախաձեռնվել են ոլորտում առկա խնդիրները բացահայտելու և դրանց համատեղ լուծումներ գտնելու նպատակով։

Աշխատաժողովի ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերը շարունակել են աշխատանքը թեմատիկ խմբային քննարկումներով։

Աշխատաժողովի արդյունքում նախատեսվում է առանձնացված առաջնահերթ խնդիրների շուրջ արձանագրված տեսակետները ներառել ձևավորվելիք ճանապարհային քարտեզում։

Նույն շարքից