Միջազգային 

Լարիսա Ալավերդյանը՝ ԵԽԽՎ-ում Ղարաբաղին առնչվող զեկույցի մասին

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ոչ թե պետք է սպասի, որ Ադրբեջանը նախաձեռնի ինչ-որ բան, այլ պետք է նախաձեռնությամբ հանդես գա. պառլամենտական դիվանագիտությունը պետք է լինի նախաձեռնողական

«Այս անգամ ևս ավելի քան յոթանասուն մարդ դեմ է քվեարկել հայկական նախագծին:
Իսկ եթե նայենք ակտիվությանը, որն ունի Ադրբեջանը միջազգային ծրագրերում, կտեսնենք, որ նրանք դրական արդյունքով են ավարտում»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով զեկույցին:

Իսկ թե նախագիծն ինչով կազդի Հայաստանի վրա, բանախոսը պատասխանեց, որ նման որոշումից հետո պատվիրակությունը գալու է Ղարաբաղ, տարածքները նորից ուսումնասիրելու է: Եվ օգոստոսի սկզբին Ադրբեջանի դիվերսանտների պատմությունն այնպես են ներկայացնելու, որ այդ անձինք գնացել էին իրենց երկրի տարածքներում զբոսնելու, հայ ազգայնամոլներն էլ հարձակվել են, նրանք էլ պաշտպանվել են:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ դա այն ծրագիրն է, որն իրականացվում է քայլ առ քայլ: Դա քաղաքական դիվերսիա է, որն ունի այլ նպատակներ՝ ևս մեկ անգամ կրկնել, որ այդ տարածքներում Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի ազատ քայլելու, սակայն նրանց խոչընդոտում են: Եվ դա արձանագրվեց ԵԽԽՎ հայտարարության մեջ:

«Մենք չենք կարողանում ձևակերպել այնպիսի կարծիքներ, որոնք հետագայում կաշխատեն մեր օգտին: Միջազգային պրակտիկան հետագայում դառնում է իրավունքի աղբյուրներից մեկը: Իսկ այդ հայտարարության անվանման մեջ արդեն կա սխալ, ասում են՝ օկուպացված տարածքներում բռնության աճի խնդիր կա»,-ասաց նա և օրինակ բերեց, որ ադրբեջանական քարոզչամեքենան լավ է աշխատում կեղծիքը մատուցելու հարցում. «Ադրբեջանական կայքերում գրված է, որ սահմանամերձ գյուղերում պատ է կառուցվում, որ պաշտպանվեն հայկական գյուղերից: Եթե կարիք լինի, նրանք մի քանի տուն էլ կքանդեն»:

Նույն շարքից