Պաղեստինն արաբական երկրների հետ միասին պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որով սահմանվում է իսրայելական օկուպացիայի դադարեցման կոշտ ժամկետ՝ մինչև 2016թ. նոյեմբերը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով փաստաթղթին:
Փաստաթուղթը կոչ է անում, «որ Իսրայել տերությունը ամբողջությամբ և հնարավորինս շուտ ազատի 1967թ. օկուպացրած պաղեստինյան բոլոր տարածքները, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմը՝ 2016թ. նոյեմբերով սահմանված հստակ ժամանակացույցով»:
Տեքստում նաև ընդգծվում է բանակցությունների միջոցով «իսրայելա-պաղեստինյան հակամարտության» համապարփակ լուծման հասնելու անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի բանաձևերի, մադրիդյան պայմանավորվածությունների, այդ թվում՝ «հող խաղաղության դիմաց» սկզբունքի, արաբական խաղաղ նախաձեռնության և մերձավորարևելյան «քառյակի» «ճանապարհային քարտեզի» հիման վրա:
Նախագիծը պնդում է Երուսաղեմի կարգավիճակի մասին հարցի արդարացի լուծումը՝ այն սահմանել որպես «որպես 2 երկրների մայրաքաղաք», ինչպես նաև լուծել պաղեստինցի փախստականների խնդիրը: Փաստաթուղթը նաև «պահանջում է դադարեցնել իսրայելական բոլոր ռազմական գործողությունները, ճնշումները, քաղաքացիական անձանց բռնի վերաբնակեցումը, նաև բռնի և թշնամական բոլոր գործողությունները»:
Բանաձևի նախագիծն առայժմ չի դրվել ՄԱԿ-ի ԱԽ անդամների քննարկմանը: Դա պետք է անի Հորդանանը. ներկայումս այն ԱԽ-ում միակ արաբական երկիրն է: