Տնտեսություն 

Էկվադորից Ռուսաստան վարակված բանան է ներկրվում

analitik.am

Էկվադորից Ռուսաստանի Դաշնություն պարբերաբար բազմակեր սապատավոր ճանճով վարակված բանան է ներկրվում: Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»-ը՝ ՌԴ ֆիտոսանիտարիայի և անասնաբուժության ոլորտում վերահսկողություն սահմանող կառույցը:

Նաև նշվում է, որ այդ վնասատուն վտանգավոր է քաղաքացիների առողջության համար, քանի որ խոլերայի տարածման աղբյուր է հանդիսանում: Այդ իսկ պատճառով զգուշացվել է, որ բազմակեր սապատավոր ճանճով վարակված բանան դարձյալ ֆիքսելու դեպքում ժամանակավոր կսահմանափակեն Էկվադորից բանանի ներկրումը ՌԴ:

Analitik.am-ի հետ զրույցում Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն ասաց, որ արդեն 4 օր է խստացվել է բանանի ներկրման հսկողությունը՝ նշելով, որ սահմանին բազմակեր սապաատվոր ճանճով վարակված բանանի ներկրման դեպք չի արձանագրվել:

Նշենք, որ բազմակեր սապատավոր ճանճը վարակում է բազմաթիվ սննդամթերքներ, մասնավորապես՝ ալյուրը, սոյան, կարտոֆիլը, բանանը, սեխը, պանիրը, չորացրած ձուկը:

Բազմակեր սապատավոր ճանճը համարվում է խոլերայի կրող:

ՍԱՏՄ-ն Analitik.am-ին փոխանցեց այս տարի բանանի ներկրման ծավալները: Ըստ այդմ, Էկվադորից ներկրվել է 18 183 124.8 կգ բանան, Թաիլանդից՝ 969 կգ, Կոստա Ռիկայից՝ 1 213 825.6 կգ, Վրաստանic 107 250: Ընդհանուր այս տարի ներկրվել է 19 505 169.5 կգ բանան:

Զարմանալի է, որ Էկվադորից Ռուսաստան ներկրվող բանանի մեջ պարբերաբար բազմակեր սապատավոր ճանճ վնասատու է հայտնաբերվում, իսկ Հայաստան ներկրվող բանանի մեջ այդ վնասատուն չի արձանագրվել, այն դեպքում, երբ Հայաստանը Էկվադորից ևս բանանի զգալի ներկրումներ ունի:

 

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից